▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի ամենաառանցքային ֆուտբոլիստը

vivaronews.am-ը գրում է. «Իրականում շատ անարդար է, որ նման խաղերում Յուրա Մովսիսյանի ազգանունը չի հայտնվում վիճակագրությունում: Նա հենց սկզբից վարում է թիմի պայքարը: Նա գլխավոր պատճառներից մեկն է, թե ինչու «Ռեալ Սոլթ Լեյքը» երբեք չի հանձնվում»,-այսպես էր ամերիկյան ակումբին նվիրված բլոգը ներկայացնում հայ հարձակվողի խաղերից մեկը, որտեղ նա չէր դարձել գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ:

Այն, որ ամերիկացիներն ունեն յուրահատուկ ունակություն նկատելու կարևոր մանրուքներ, որոնք մենք` հայերս ու աշխարհի մյուս շատ ազգեր, ուղղակի չենք նկատում, բավականին երկար ապացուցվել է շատ այլ բնագավառներում, իսկ շուտով նրանց այդ հատկությունը իր արդյունքները կունենա նաև ֆուտբոլի վրա: Նրանք այսօր բարձր գնահատանքի են արժանացնում մեկին, ում ռուսները քարկոծելով հեռացրեցին իրենց անապատացող ֆուտբոլից, իսկ մենք էլ կարոտով սպասում ենք` տոնելով նրա առաջին գոլի 6 տարին: «Առաջին գոլի 6-ամյակ»… նման տարօրինակ տարեդարձ կարող է նշել երկրպագուն, որի մոտ կատարյալ դատարկություն է ու ապագայի ոչ մի դրական սպասում, իսկ Դանիա – Հայաստան վերջին խաղից հետո նման ախտորոշում կունենային շատերը:

IMG_9154

2010թ. սեպտեմբերի 7-ին Մակեդոնիա – Հայաստան խաղի 40-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում: Նա ընդամենը հարմար պահ գտավ առաջ պոկվելու ու հարվածեց ոչ ամենահաջող դիրքից, բայց գոլի մեծ մղումով: Կարող եք դիտել նրա բոլոր գոլերը ու կտեսնեք, որ նա միշտ գոլ է խփում այնպիսի դիրքերից, որտեղից միջին վիճակագրական հայ ֆուտբոլիստը կարող է նաև շատ հանգիստ վրիպել, որովհետև բոլոր այդ դրվագներում կային մի շարք խոչընդոտներ: Սակայն Յուրայի համար խաղադաշտում երբեք չեն եղել պատճառներ, նրա համար կային միայն հնարավորություններ, որոնք նա կիրացներ առանց որևէ մեկին թույլ տալու խլել իր հաջողությունը: Սա բնավորություն է, ոչ այնքան մաքսիմալիզմ, ինչքան սեփականին տեր կանգնելու բնազդ, որը գյումրեցիները բնորոշում են որպես թասիբ: Ամերիկացիներն, իհարկե, չեն հասկանա թասիբը, բայց նկատել են Յուրայի մոտ ոգեղեն մի բան, որը նա փոխանցում է ողջ թիմին: Հայաստանի հավաքականը վերջին խաղում նման բան, տեսանք, որ չուներ:

Բայց թող սա չդառնա գյումրեցու կողմից գյումրեցու մասին գրված հերթական տեքստ թասիբի մասին: Յուրա Մովսիսյան ֆուտբոլիստի մոտ կա ժամանակակից արևմտյան մարզիկի մենթալիտետ: Նա երբեք չի վախենում պատասխանատվությունից, դա ինչքան էլ կարևոր է, բայց առաջնային չէ: Սպորտում գլխավորը սպորտային նպատակն է, դարպասը, զամբյուղը կամ թիրախը, այլ ոչ թե այն, ինչ տեղի կունենա խաղից հետո: Սա մի կարևոր հատկություն է, որ տարբերում է նրան մյուս հայ ֆուտբոլիստներից ու մարզիկներից, նույնիսկ Հենրիխ Մխիթարյանից:

Այն բոլոր 15-20 տարիների ընթացքում, ինչ հետևում եմ հայկական ֆուտբոլին ու ընդհանրապես սպորտին, ինձ տանջում է այն անհասկանալի մոլուցքը, որով հայ մարզիչներն ու մարզիկները փորձում են պաշտպանել իրենց անհաջող խաղերից հետո: Այս տարօրինակ վախից դրդված շատ հանդիպումներ են տապալվել, անհաջողության ողջամիտ բացատրության համար հատուկ մարտավարություններ են մշակվել ու կիրառվել: Մարզիկներն այդ վախից միտումնավոր վնասվածքներ են բեմադրել, մարզիչները իրենց շուրջ փակ ու նյարդային կերպար են կառուցել հնարավորինս քիչ հարցերի պատասխանելու համար: Սակայն, բոլորի մոտ միշտ եղել է այդ ցավը, ու կարծես դա վախ է ոչ միայն հանրությունից, այլ ավելի վտանգավոր ու վախենալու մի բանից:

Յուրա Մովսիսյան

Կոպենհագենում օրեր առաջ անցկացրած տխուր խաղն էլ սկսվեց ու ավարտվեց նույն տրամաբանությամբ: Դեռ խաղից առաջ Վարուժան Սուքիասյանը սկսեց շահարկել Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, իսկ խաղից հետո նրա ու Կառլեն Մկրտչյանի բացակայությունը մարզչի համար արդեն թվում էր 5-6 ֆուտբոլիստի կորուստ: Այս պայմաններում պատահական չէր, որ մեր թիմը դաշտ դուրս եկավ պատասխանատվություն արդարացնելու, այլ ոչ թե հաղթելու կամ գոնե պայքարելու: Ու ես չեմ հիշում ոչ մի խաղ Յուրա Մովսիսյանի հեռանալուց հետո, երբ Հայաստանի հավաքականը դաշտ էր դուրս եկել ինչ-որ հստակ մարզական խնդրի համար պայքարելու: Ուստի, երբ երկար մտածում ենք հասկանալու, թե որն էր 5-6 տարվա վաղեմության մեր հերոսական հավաքականի գաղտնիքը, իմ մտքում հայտնվում է հենց Յուրան:

Հենց նա էր մարմնավորում այն մահացու վտանգը, որ մեր թիմն իրենից ներկայացնում էր հակագրոհելիս: Նա նյութականացնում էր ողջ թիմի ջանքերը` առանց երկմտնելու ավարտին հասցնելով մեր թիմի գրոհները: Յուրան դուրս էր պատճառաբանություններ փնտրելու հիվանդությունից, նա փնտրում էր միայն մրցակցի դարպասը, ուստի հենց նրա լավ օրերին մեր հավաքականն իսկապես ուներ բնավորություն, իսկ բոլոր նպատակները շատ ավելի մոտ էին ու տեսանելի:

Ավելորդ չէ նկատել նաև, որ մեր հավաքականը չի պարտվել այն խաղերում, որոնցում Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ: Պետք է պարտադիր իմանալ, իսկ դա շատ քչերը գիտեն, որ մինչև այս տարվա ամերիկյան շրջագայությունը նա նաև մեր թիմի ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն էր: Սակայն, ինչպես շատ լավ նկատել են ամերիկացիները, Յուրայի ներկայությունը կարևորվում է ոչ այնքան խաղերի վիճակագրության, այլ առաջին հերթին թիմի հոգեբանության մեջ: Բայց նա այսօր հավաքականում չէ, քանի որ ինչ-որ մեկին արդարացման վերոնշյալ մոլուցքը ստիպել է զոհել նրան` մեր հավաքականի ամենաառանցքային ֆուտբոլիստին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին