▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ եք բերել այս որոշումը. վարչապետը նկատողություն արեց ՀՅԴ-ական նախարարին

Այսօր կառավարության նիստում, երբ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հիմնադրամային կարգավիճակը ավելի հարիր է ինքնավարությանը: Վաչապետը հարցրեց՝ աշխարհում կա՞ նման համակարգ, որ համալսարանը հիմնադրամ է: Լևոն Մկրտչյանն ասաց, որ աշխարհի երկրների մեծ մասում այդպես է:

 «Մենք բազմաթիվ քայլեր ենք անում՝ կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Գուցե մենք կանգնեցնենք… Ես այս պահին չեմ ուզում ձեր որոշումը կանգնեցնեմ, բայց ինքներդ եթե վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանենք», ասաց Կարեն Կարապետյանը:

 Լևոն Մկրտչյանն ասաց, որ այս որոշումն ավելի լավ վիճակ է ստեղծելու, քան առկա վիճակն է, ընդհանուր քաղաքականություն է, որը համալսարանների մի մասում սա արվել է, բայց ընդհանուր բուհական համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա:

 «Եթե մենք բերում ենք լուծում, որը մինչև վերջ համոզված չենք, որ լավագույնն է, չենք անում: Եթե մենք ինչ-որ գործողություններ արել ենք և իներցիայով ասում ենք՝ արել ենք, շարունակում ենք, դա հիմնավորում չէ: Ես էլ եմ զգում, որ դուք լավագույն լուծումը չեք տալիս, դե եկեք մեկ շաբաթ էլ մտածենք, լավագույն լուծումը տանք»,- ասաց վարչապետը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Ընդունված է, մինչև վերջ չբավարարված»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն կրթության մասին օրենքը կդրվի հրապարակային քննարկման, կփորձեն խնդիրները բարձրացնել:

Վարչապետը նրան նկատողություն արեց. «Եթե հոկտեմբերի 1-ին պիտի քննարկենք, այսօր սեպտեմբերի քսան քանինսն է, ինչո՞ւ եք բերել այս որոշումը»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին