▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են արգելք դրել Ալին Գոյանի տեսահոլովակի վրա

esem.am-ը, հիշեցնելով, որ երգչուհի Ալին Գոյանը վերջերս իր լսարանին է ներկայացրել նոր տեսահոլովակ` Groong երգի հիման վրա,  գրում է, որ այն միանշանակ չի ընկալվել. կայքի հետ զրույցում նա հայտնեց վերջին օրերին բախվել է իր համար տարօրինակ մի իրողության, որի գոյության մասին չէր էլ կասկածում:

Երգչուհու փոխանցմամբ՝ տեսահոլովակը «պտտելու» խնդիր է առաջացել: «Տեսահոլովակում արծարծվում են համամարդկային մի շարք խնդիրներ, որոնք ակտուալ են, մասնավորապես այն, որ կրոնը, իշխանությունը և հասարակությունը գնալով հեռանում են միմյանցից, մարդիկ ագրեսիվ են իրար հանդեպ և անհանդուրժող: Հեռանալով հոգևոր արժեքներից` նրանք մխրճվում են նյութականի համար դաժան պայքարի մեջ: Հիմնական գաղափարը խոսքի ազատությունն է: Որոշ հեռուստաընկերությունների աշխատակիցների նման պահվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ տեսահոլովակում առաջ քաշված խնդիրները խիստ ակտուալ են և խոսքի ազատությունը դեռևս կապանքների մեջ է,- շեշտեց նա ու հավելեց,- ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խոսքի ազատության կրողը հենց չորրորդ իշխանությունն է, սակայն այսօր ցավով եմ արձանագրում, որ տեսահոլովակը բախվել է մի պատնեշի, որը ստեղծում են որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ որոշ կարիերիստներ, դիմելով «ինքնացենզուրայի», փորձում են հնարավոր բոլոր միջոցներով դժվարացնել տեսահոլովակի մուտքը լրատվամիջոցներ»:

Անուններ տալ երգչուհին չցանկացավ: Ալինի խոսքով՝ ունենալով անհասկանալի վախեր՝ նրանք տեսահոլովակում տեսնում են մի բան, որը ստեղծագործական թիմը չի էլ տեսել: «Սա ևս ապացուցում է այն իրողությունը, որ որոշ լրատվամիջոցներ ավելի ու ավելի են հեռանում իրենց առաքելությունից: Ես ավելի շատ վրդովվել եմ որոշ հեռուստաընկերությունների աշխատակիցների երկչոտ պահվածքից, այն դեպքում, երբ այդ նույն հեռուստաընկերություններն ինձ բազմիցս եթեր են տրամադրել սեփական նախաձեռնությամբ: Նույնիսկ ստալինյան ժամանակաշրջանում ցենզուրա սահմանվում էր բարձր ատյանների կողմից, ոչ թե տեղական նախաձեռնությամբ: Ստացվում է, որ առանձին աշխատակիցներ ոչ միայն չեն հասկացել տեսահոլովակը, արվեստի սիմվոլիկ լեզուն, այլև վախի աչքերով տեսահոլովակում նկատել են գաղափարներ, որոնք կարող են ի հայտ գալ, երբ առողջ բանականությունը բռնադատվում է` իրենց իսկ հնարած կապանքներով»,- նկատեց երգչուհին: Ըստ Ալինի՝ իբրև պատճառաբանություն իրեն ասել են, որ տեսահոլովակը չի համապատասխանում այս կամ այն հաղորդման ձևաչափին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին