▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է աղմկում Արեւմուտքը...

Հեղինակ` Սևակ Ասլանյան 

Asekose.am

Անցած դետեմբերին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն արժանացավ կոշտ քննադատության ոչ միայն տեղական ընդդիմադիր ուժերի, այլեւ մի շարք եվրոպական կառույցների, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Մասնավորապես, Պետդեպարտամենտի աշխատակիցները հորդորեցին տեղի իշխանություններին, որպեսզի վերջիններս անհապաղ քննեն բոլոր արձանագրված խախտումները, իսկ ԵԱՀԿ Ժողովրդավարության ինստիտուտը գտավ անհամատապասխանություններ իրենց հանձնարարականների եւ հանրաքվեի ընթացքի միջեւ։ Հայաստանյան ընտրական իրականությունը թերեւս առաջին անգամ հանդիպեց նմանատիպ կոշտ արձագանքի միջազգային կառույցների կողմից, քանզի նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները հիմնականում գնահատվել էին արեւմտյան չափանիշներին համապատասխան, չնայած «որոշ» թերությունների։ Իշխանությունները այդ ամենը սկսեցին մեկնաբանել աշխարհաքաղաքական իրադրությունների կոնտեքստում, իսկ Սահմանադրական բարեփոխումների նախագծի հեղինակներից Հրայր Թովմասյանը հանդես եկավ պատասխան գնահատականով՝ հանրաքվեին տալով «ՀՀ ներքին գործեր» բնորոշումը, ինչպես նաեւ շեշտեց դրանց չմիջամտելու անհրաժեշտությունը։

Իրականում արեւմտյան կառույցների «չոր» գնահատականները ունեն մի քանի բացատրություններ, որոնց հիերարխիկ դասավորության մեջ աշխարհաքաղաքականությունը երկրորդական տեղ է զբաղեցնում։ Նախ եւ առաջ արեւմտյան պետությունները հսկայական միջոցներ են ծախսում այն գործընկերային ծրագրերի վրա, որոնք միտված են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Առաջնային նպատակն է Հայաստանում ձեւավորել քաղաքական եւ տնտեսական այնպիսի պայմաններ, որի օգնությամբ կձեւավորվի առավել բաց եւ թափանցիկ բիզնես միջավայր, որը ձեռնտու է թե՛ արեւմուտքին, եւ թե՛ Հայաստանին։ Այս ամենից ելնելով, այդ կառույցները փորձեցին նաեւ տեր կանգնել իրենց ներդրումներին եւ պահանջեցին դրանց կիրառելի օգտագործումը։ Ի դեպ, հենց ԱՄՆ դեսպանատան Զարգացման գործակալության հովանավորությամբ է գործում հակակոռուպցիով հանձնաժողովը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ (ով նաեւ «Այո»֊ի նախընտրական շտաբի նախագահն էր), եւ այդ կառույցը մի անգամ չէ, որ արժանացել է քննադատության ինչպես հասարակության, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։

Ուստի, արեւմուտքը չի կարող հետեւողական չլինել իր ծրագրերին եւ միջոցներին, իսկ հայաստանյան իշխանությունները պետք է նաեւ գիտակցեն, որ դա բխում է նաեւ մեր շահերից։

Որպեսզի պատկերը ավելի հստակ պատկերացնենք, փորձենք խնդրին մոտենալ մեկ այլ տեսանկյունից։ Այսպես, ՀՀ իշխանությունները միշտ առիթը բաց չեն թողել կարեւորելու ՀՀ֊ԱՄՆ, կամ ՀՀ֊ԵՄ համագործակցությունը՝ հատկապես ժողովրդավարության եւ տնտեսական ներդրումների բնագավառներում։ Ասվածի վառ ապացույց կարող է լինել նախագահ ՍերԺ Սարգսյանի վերջին ելույթը, որում նա հիշատակեց նաեւ եվրոպական փորձի կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես նոր ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված։ Այս ամենից ելնելով ստացվում է, որ մի կողմից ունենք նախագահի կողմից նախաձեռնված սահմանդրական բարեփոխումների նախագծի հեղինակ Թովմասյանի հորդորը եւ գնահատականը առ այն, որ Եվրոպան միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ մյուս կողմից նախագահի հորդորը այդ նույն «միջամտության» անհրաժեշտության կապակցությամբ։ Ստեղծված հակասական պատկերի ճշգրտման կապակցությամբ ՀՀ իշխանությունները պետք է առավել հակված լինեն այդ համագործակցությանը, որպեսզի նախ եւ առաջ որոշ չափով թեթեւացնեն հանրաքվեին ուղղված քննադատության լուծը, ինչպես նաեւ գործնականում ապացուցեն Հայաստանի հետաքրքրությունը առավել խորացված համագործակցության նկատմամբ։ Առիթը կարող է հանդիսանալ արդեն իսկ նշված նոր օրենսդրական նախագիծը, սակայն կարծես թե այն կրկին մշակվում է առանց ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների, եւ որ ամենակարեւորն է, առանց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ֊ի հետ խորհրդակցության...

Արեւմուտքի քննադատությանը պետք է վերաբերվել նաեւ որպես ինքնագնահատականի, քանի որ թե՛ Արեւմուտքի, եւ թե՛ Հայաստանի անբաժանելի մասն է հանդիսանում Հայոց Սփյուռքը...խնդիրը այս պահին այն չէ, որ Սփյուռքը աճում է, եւ կարող է աճել ապագայում իրատեսական քաղաքականության տեսլականի բացակայության պատճառով, այլ այն, որ շատ սփյուռքայահեր ուղղակի եւ անուղղակի ֆինանսավորում են արեւմտյան զարգացման ծրագրերը եւ ակնկալում են դրական փոփոխություններ ապագայում, որոնք, կարծես թե, տեսանելի չեն...Հայաստանում թե՛ նախկին, եւ թե՛ ներկայիս ԱՄՆ դեսպանները իրապես կարեւորել եւ կորեւրում են Հայաստան֊Սփյուռք ամուր կապերը, սակայն այդ ամենը կարող է օգտակար չլինել, եթե Սփյուռքը չզգա գործնական տեղաշարժ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական բարեփոխումների առումով։ Իրականում, հայկական սփյուռքի աճման պատճառը ոչ այնքան տնտեսական անբարենպաստ պայմաններն են, այլ հավատի բացակայությունը ՀՀ Կառավարության եւ վերջինիս ծրագրերի արդյունավետ իրականացման հանդեպ...այդ իսկ պատճառով, մեր կառավարական վերնախավը պետք է ոչ թե քննադատությամբ պատասխանի Արեւմուտքի քննադատությանը, այլեւ հավաստիացնի, որ դրանք կընդունվեն որպես ի գիտություն եւ քայլեր կիրականացվեն դրանք շտկելու կապակցությամբ...

Հայաստանի պառլամենտական հանրապետությունը երբեք չի հասնի ժողովրդավարության այն մակարդակի, որին ձգտում է, եթե շարունակի հաշվի չառնել Արեւմուտքի եւ Սփյուռքի կարծիքը, ինչպես նաեւ չգնա երկխոսության տեղական ընդդիմադիր ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ։

ՀՀ իշխանությունները կարող են հասնել դրական տեղաշարժի ինչպես բարեփոխված եւ կառուցաղական ընտրական օրենսգրքի, այնպես էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Մնում է միայն օգտագործել ընձեռնված առիթները՝ ելնելով գործի բուն էությունից։


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին