Դիտեք նաև՝
«32 ատամ» ակումբի նոր եթերաշրջանում դերասաններ Անդոն և Ռաֆոն այլևս չեն մասնակցում նկարահանումներին: Ռաֆոն esyes.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրենք այլևս չեն համագործակցում «32 ատամի» հետ, սակայն պատճառն այն չէ, որ ինչ-որ վեճ է եղել: Իսկ «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը նշել է, որ իրենք հաճախ են հանդիպում Անդոյին և Ռաֆոյին, իսկ համագործակցությունը դադարեցվել է նրանց զբաղվածության պատճառով: Կարենի փոխանցմամբ` իրենց միջև վեճ չի եղել:
Ռաֆոյի խոսքերով` իրենց այս ընթացում կարելի է տեսնել միայն թատրոնում: Նա esyes.am-ին ասաց, որ ինքն ու Անդոն այսուհետ չեն նկարահանվելու նաև «Կարգին սերիալում»: Սակայն «Կարգին սերիալի» ռեժիսոր Արման Մարությանի խոսքերը հակասել են Ռաֆոյին: Ըստ նրա` Անդոն և Ռաֆոն նկարահանվում են և շարունակելու են նկարահանվել «Կարգին սերիալում»:
Անդոն պարզաբանում է մտցրել. «Ի սկզբանե շատ թեթև խոսակցություններ կային, որ հնարավոր է` «Կարգին սերիալի» վեցերորդ եթերաշրջանը չնկարահանվի, բայց քանի որ նախագիծը սպասված է, ինչպես ասվում է` սիրում են բոլորը, զզվում են 4 հոգի, տղաները որոշեցին, որ անպայման պետք է նկարահանվի: Բնականաբար, որտեղ «Կարգին սերիալը», այնտեղ Հալալն ու Զուլալը` Անդոն ու Ռաֆոն :) Ռաֆոն երևի տեղյակ չէր, որ վեցերորդ եթերաշրջան է նկարահավելու, բայց մենք անպայման մասնակցելու ենք»:
Պատասխանելով հարցին` ինչո՞վ է պայմանավորված հանգստանալու համար «32»-ից դուրս գալը, սակայն «Կարգին սերիալի» հետ համագործակցելը, Անդոն ասել է. «Հետաքրքիր հարց էր, ուզում եմ նշել, որ «32»-ի հետ որևէ կոնֆլիկտ չի եղել: Լսարանը տեղյակ է, որ մենք 2003 թվականից համագործակցում ենք «Կարգինի» հետ: Տղաների հետ համագործակցությունը դեռ շարունակվելու է, որովհետև նոր նախագիծ կա: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց շատ հետաքրքիր պրոյեկտներով հանդես կգանք: «32»-ի հետ կապված ոչ մի խնդիր չկա, տղաների հետ կապ ունենք, չեմ ուզում մարդիկ մտածեն` խնդիրներ են եղել: Գուցե գա ժամանակ, որ, ինչու չէ, նորից համագործակցենք: Ուղղակի փորձեցինք մի փոքր հանգստանալ: Հեռուստադիտողներին չհոգնեցնելը ճիշտ է»: