ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ Ընտրական օրենսգրքի նպատակը ո՛չ վերարտադրությունն է, ո՛չ էլ ձևական փոփոխությունը.
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնը չեն գողանալու, իր փոխարեն չեն քվեարկելու: Դրա համար մենք ունենք քաղաքական կամք՝ ներկայացնել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վստահել նրան, ինչ հայտարարվում է: Մենք ուզում ենք մեկընդմիշտ լուծել այս խնդիրը»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԸՕ նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվել առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու, հասարակությանը ներկայացնելու, ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց.
«Ինչի՞ց են դժգոհում, Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, իսկ հիմնական քննարկումները տեղի են ունենալու ԱԺ-ում: Մենք լսելու ենք թե՛ հանրության, թե՛ ընդդիմության բոլոր առաջարկները: Մեր խնդիրն է՝ ունենալ ավելի ժողովրդավարական ընտրական օրենսգիրք: ԸՕ վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի միջև քննարկումների արդյունքում»:
Անի Կարապետյան