▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ լույս է փնտրում երգչուհի Ռուզան Անդրեասյանը

«Ուր, էլ ուր»: Այսպես է կոչվում երգչուհի Ռուզան Անդրեասյանի նոր երգը: Երկու տարվա դադարից հետո երգչուհին ներկայացավ հետաքրքիր ու ինքնատիպ երգով: Որոշեցինք պարզել՝ ո՞ւր էր Ռուզան Անդրեսասյանը ու ինչո՞վ էր պայմանավորված նրա պասիվությունը: Բայց մինչ այդ խոսեցինք նոր երգի մասին, որը գրվել էր դեռ մեկ տարի առաջ և ինչ֊ինչ պատճառներով ձգձգվում էր տեսահոլովակի թողարկումը:

-Տեսահոլովակը նկարահանել է Մարիամ Գևորգյանը, մի տաղանդավոր մարդ, ով շատ լավ զգում է ստեղծագործության ոգին ու կարողացել է պատկերի միջոցով փոխանցել այն ամենը, ինչ զգացել եմ ես՝ երգը գրելիս: Իհարկե, երգի հաջողությունը պայմանավորված է նաև գործիքավորմամբ, քանի որ հաճախ գործիքավորողները այնպես են երգը ձևափոխում, դարձնում իրենցը և ստեղծագործողի էմոցիաները, ապրումները չեն արտացոլվում երգում, ինչից էլ տուժում է հենց երգը: Իսկ այս պարագայում ինձ հաջողվել է խուսափել դրանից, քանի որ գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը, ով նաև իմ ամուսինն է.(ծիծաղում է–խմբ), նա հրաշալի զգում է ստեղծագործության շունչը և ամենը, ինչ ապրել եմ այն գրելիս: Այս երգում կա միստիկ վիճակ, տիեզերական ուժ, որն ինչ խոսք փոխանցվում է գործիքավորման շնորհիվ ևս:

-Թվում է, թե նոր երգը պետք է լիներ  սիրո մասին՝ ծանոթ լինելով ձեր երգացանկին:

- Չէ՛, այս երգը բնորոշում է կյանքը իր գորշություններով, իր մեղքերով ու դժվարություններով: Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես լույս եմ փնտրում, անընդհատ փնտրտուքների մեջ եմ : Ուզում եմ գտնել լույսը, որ կար իմ մանկության տարիներին: Ինձ թվում է՝ բոլորը զգացել են ու կհամաձայնեն, որ այդ տարիներն ավելի գունավոր ու լուսեղ են եղել: Մեծանում ես ու տարիների ընթացքում բացահայտում կյանքի գորշությունները: Բայց գորշությունների մեջ էլ պետք է լույս գտնել:

- Այս երգը կոմերցիոն երգ չէ: Ինչո՞ւ դադարից հետո այս երգով ներկայացաք ու չգնացիք այդ ավելի շահեկան ճանապարհով:

-Ես վստահ կարող եմ ասել, որ իմ երգացանկի երգերը կոմերցիոն չեն: Երգում եմ այն, ինչ սիրում եմ: Փորձում եմ ստանալ մի գույն, որը կտարբերվի: Չեմ ուզում քննադատել իմ կոլեգաներին, բայց շատ դեպքերում կյանքն է ստիպում նրանց նման քայլի դիմելու և երգելու ձեր մատանշած կոմերցիոն երգերը: Այսօր տեսահոլովակ ստեղծելը, երգ ձայնագրելը, գրելը մեծ գումարներ են պահանջում: Հետևաբար, պետք չէ այդքան շատ քննադատել: Երբեմն արտիստները ստիպված են դիմում նման քայլերի: Բայց դրա հետ մեկտեղ պետք է անել արժեքավոր գործեր, որոնք մնայուն կլինեն: Ես այսօր երգում եմ ռեստորաններում ,տարբեր ժամանցի վայրերում և երգում եմ այն, ինչ պահանջում է այդ միջավայրը: Ռեստորան այցելողը գալիս է ուրախանալու: Ես չեմ կարող նմանօրինակ երգեր երգել ռեստորանում ու մարդկանց տրամադրությունը փչացնել: Բայց բեմը այլ բան է պահանջում։  

֊Համամի՞տ եք այն մտքին, որ ինչ պահանջում է հանդիսատեսը՝ դա պետք է ներկայացնել, թե՞ դուք պետք է ճաշակ թելադրեք:

 -Ավելի շատ արտիստը պետք է ճաշակ թելադրի: Այսօր մեր հանրությունը ,հեռուստեսությունը շատ հաճախ քննադատում են, որ անընդհատ հնչում են ռաբիս երգեր, բայց հենց հեռուստատեսությունն էլ պրոպանագադում ու եթեր է հեռարձակում այդ ռաբիս կոչվածը:

Եթե հիմքից արգելվի՝ այսքան վատ չի լինի: Այսինքն՝ ռեստորանում պետք է հնչեն ռեստորանային երգեր, բեմում՝ ավելի արեժեքավոր ու մնայուն գործեր։ Իսկ եթերը պետք է ձերբազատված լինի ռեստորանային երգերից՝ նման իրավիճակ չստեղծելու համար։

֊Ընտանիք, բեմ, երկու բալիկներ․․․ Դժվա՞ր չէ համատեղելը:

-Թերևս պասիվանալուս միակ պատճառը հենց դա էր։ Իհարկե ընտանիքն ինձ համար առաջնային է, քանի որ ստեղծագործողին ուժ է տալիս հենց ընտանեկան երջանկությունը, ինչն էլ ես հիմա վայելում եմ : Բնականաբար փոքր֊ինչ դժվար է համատեղել ընտանիքը բեմի հետ, բայց այդուհանդերձ ավելի ակտիվ եմ լինելու։ Մոտ ապագայում նոր երգեր կհանձնեմ հանդիսատեսի դատին:

֊Հետևելով ձեր ՖԲ էջին նկատել եմ, որ ժամանակ առ ժամանակ փոքրիկ տեսանյութեր եք հրապարակում, որտեղ ձեր դստրիկը երգում է: Կարող ենք ասել ,որ մայրիկի ճանապարհը շարունակող կա՞:

֊ Երկու երեխաներս էլ շատ երաժշտական են: Տղաս չի զիջում աղջկաս: Աղջիկս մեկ տարեկանից սիրեց «Բալերինա» մուլտֆիլմը և երազում է դառնալ բալետի պարուհի: Նա գրեթե ամեն օր պահանջում է, որ ես միացնեմ այդ մուլտֆիլմը: Սկսում է պարել ու երգել, ընթացքում էլ խոսքեր հորինել: Ես նրան ոչինչ ցույց չեմ տալիս: Երբեմն կարող է այնպիսի բարդ երգեր երգել, որ ուղղակի զարմանում եմ. ի՜նչ խոսք, դա ինձ միայն ուրախացնում է: Ինչպես ասում են՝ գենետիկան իր գործն անում է:

Այստեղ էլ ավարտեցինք մեր զրույցը: Իսկ ձեզ առաջարկում ենք վայելել տեսահոլովակն ու գտնել ձեր լույսը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին