▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կատարվեց հղի կնոջ հետ հակացուցված դեղն օգտագործելուց հետո

Անցյալ տարի նորապսակ ընկերոջս կինը հղիացավ, ու ինչպես սովորաբար է լինում հղիությունների ժամանակ, երբեմն առաջանում էին խնդիրներ: Բացի դա, զուտ ապահովության համար ընկերս կնոջը պարբերաբար տանում էր բժշկի՝ ընթացիկ ստուգումներ կատարելու: 

Նրանք գնում էին «Հայաստան» բժշկական կենտրոնը, որը ավելի հայտնի է որպես Հանրապետական հիվանդանոց:

Մի օր ընկերոջս կնոջ մոտ ջերմությունը բարձրանում է, և նրանք գնում են իրենց ստուգող բժշկի մոտ, որը ուսումնասիրելուց հետո նշանակում է մի դեղ, որի անունը հիմա դժվարանում եմ հիշել:

Ընկերս գնում է բժշկի մատնանշած հասցեով և պարզում, որ այդ դեղն արժե 25.000 դրամ: Բայց քանի որ դեղի գնումն անհրաժեշտություն է լինում, նա դեղը ձեռք է բերում: Բարեբախտաբար, մինչ դեղ տալը որոշում է կարդալ ինստրուկցիան, որտեղ հայտնաբերում է, որ այդ դեղը կատեգորիկ հակացուցված է հղիության ժամանակ, որովհետև կողմնակի սուր հետևանքներ կարող են լինել, ընդհուպ մահացության դեպքեր:
Կատաղած ընկերս վերցնում է դեղն ու ինստրուկցիան և գնում է այդ բժշկի մոտ, սկանդալ սարքում: Սկզբում բժիշկը փորձում է համոզել, որ ուշադրություն չդարձնեն այդ ինստրուկցիայի վրա, բայց երբ տեսնում է, որ բանը բանից անցնում է, զանգում է այդ դեղատուն և պայմանավորվում է, որ ընկերս դեղը վերադարձնի ու իր գումարը հետ վերցնի:
Այս միջադեպից հետո էլի մի քանի կոնֆլիկտներ են լինում բժշկի հետ՝ վերջինիս անգրագիտության պատճառով: Ու վերջապես մի գեղեցիկ օր այդ բժիշկ կոչեցյալը ասում է ընկերոջս, որ այլև չգա այս հիվանդանոց իր կնոջ հետ: Իսկ եթե գա էլ, թող իմանա, որ ոչ ոք իրեն չի սպասարկելու:

Փաստորեն ստացվում է, որ իրենց բժիշկ հորջորջող որոշ անհատներ ոչ միայն թքում են իրենց տված Հիպոկրատի երդման վրա, այլև բացահայտ վտանգում են մարդկանց առողջությունը սեփական և իրենց ծանոթների գրպանները լցնելու համար: Սա էլ հերիք չի, իրենց իրավունք են վերապահում արգելել մարդկանց գալ «իրենց» հիվանդանոց:

Ինչո՞ւ սրա մասին գրեցի: Պարզապես կարդացի, որ Մալայանի անվան կլինիկայում տեղի ունեցած դեպքից հետո նախարարը խոստացավ բացահայտել դեպքը ու պատժել մեղավորներին: Պրն. Դումանյան, հուսով եմ՝ իմ գրածն էլ հաշվի կառնեք ու միջոցներ ձեռք կառնեք դիմակայելու բժիշկների նման անօրինություններին, որոնք հաճախ սենյակի 4 պատից դուրս չեն գալիս ու չեն բացահայտվում: Գուցե Դուք շատ բան չեք տեսնում, դրա համար գրում եմ: Իմացեք, որ նման բժիշկներ էլ կան, ու ազատեք մեզ նրանցից: Մարդիկ առանց այդ էլ շատ են մեղք:


Սերգեյ Մարգարյանի գրառումը
Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին