Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը հաստատել է, որ հեռանում է իսպանական Բարսելոնայից և տեղափոխվում Ֆրանսիայի Պարի Սեն-Ժերմեն ակումբ։ Նրա տրանսֆերի համար ֆրանսիական ակումբը պատրաստվում է վճարել 222 միլիոն եվրո կամ որ նույնն է՝ 198 միլիոն ֆունտ ստերլինգ կամ էլ 262 միլիոն դոլար։
BBC լրատվականը զվարճալի համեմատություններ է արել՝ փորձելով ցույց տալ, թե ինչ կարելի է գնել մեկ Նեյմարի գնով։ Օրինակ՝ մարդու կլոնավորումն արժե 1,29 միլիոն դոլար։ Այս դեպքում ինչո՞ւ 262 միլիոն դոլար տալ և գնել մեկ Նեյմար, եթե կարելի է այդքան գումարով կլոնավորել և ունենալ 153 Նեյմար։
Երեք ինքնաթիռ
Փաստորեն՝ մեկ Նեյմարի գնով կարելի է գնել 3 հատ Boeing 737-700 տեսակի ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրն արժե 82,4 միլիոն դոլար։ Եթե ցանկանաք գնել ավելի լավ օդանավ, օրինակ՝ Boeing 737-800 տեսակի ինքնաթիռ, ապա կկարողանաք գնել միայն 2-ը, բայց արդյունքում կունենաք 65 միլիոն դոլար ավելորդ գումար։
Շատ, շատ, շատ սպագետի
Մեկ Նեյմարի գնով կարելի է գնել այնքան սպագետի, որ այն կծածկի ողջ Բարսելոնան, կամ էլ 792,000,000 Freddo շոկոլադե սալիկներ։
Ռազմական ինքնաթիռ
F-35 տեսակի կործանիչն արժե 94 միլիոն դոլար, այսինքն՝ կկարողանաք գնել առնվազն երկուսը, մինչդեռ 262 միլիոն դոլարով կարող եք գնել 10 հատ ռուսական SU-24:
Մարել որոշ երկրների պետական պարտքը
Նեյմարի տրանսֆերի համար վճարվող գումարով կարելի է մարել որոշ փոքր երկրների պետական պարտքը։ Օրինակ՝ Տոնգայինը (28,3 միլիոն դոլար), Ֆիջիինը (72,4 միլիոն դոլար) կամ Վանուատուինը (82 միլիոն դոլար)։
ԱՄՆ-ի դեպքում Նեյմարը կարող է շատ քիչ օգնել՝ մարելով Ամերիկայի պետական պարտքի 0,001%-ը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետական պարտքը համարյա 20 տրիլիոն դոլար է։
Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք գնել Նեյմարին, ապա պետք է այսօրվանից սկսեք խնայել։ 718 տարի օրական 1,000 դոլար խնայելու դեպքում կկարողանաք գնել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիորին։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ