▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են մտածում հարևանները Շուշան Պետրոսյանի մասին

Այն, որ հայերիս մոտ հարևանություն անելը շատ լավ է ստացվում, խոսք լինել չի կարող: Իզուր չէ ասված` մոտ հարևանը հեռու ազգականից էլ լավ է: Մեզ մոտ շատ լավ է ստացվում հարևանի հետ մեկ բաժակ սուրճ վայելելն ու սրանից-նրանից զրուցելը, մեկից պարտք ենք վերցնում, մյուսից` մեկ բաժակ ալյուր կամ շաքարավազ:

Գրում է esyes.am-ն ու ավելացնում, թե  ինչպիսի հարևան եք դուք` սիրելի հայտնիներ, պարզ կլինի ձեր դրկիցների պատմածներից: Այնպես որ, եթե հարևանի գլխին ջուր եք լցրել կամ մերժել նրան որևէ հարցում, փորձեք մինչև մեր այցելությունը կարգավորել հարևանների հետ հարաբերությունները: Թե չէ հետո չնեղանաք ո´չ մեզանից, ո´չ հարևան Սիլվա տոտայից, եթե ձեր մասին թթու խոսք ասի: Իսկ հարևաններին մենք այցելելու ենք առանց զգուշացնելու:

esyes.am-ը , որ արդեն ներկայացրել է, թե ինչ են մտածում հարևանները երգչուհի Զուսի մասին, այս անգամ հյուրընկալվել է  Շուշան Պետրոսյանի դիմացի հարևան Իդա տոտային:

Կորյունի փողոցի բարձրահարկերից մեկում` 6-րդ հարկում, բնակվում է Շուշան Պետրոսյանի ընտանիքը: Պարզվում է` այս շենքը ժամանակին աստղառատ էր, այստեղ էին բնակվում նաև երգիծաբան Արամայիս Սահակյանը, ով միայն հումոր թխելիս է այդ տանը լինում  և Ռուբեն Հախվերդյանը, ով բնակարանը վաճառել ու այլ շենք է տեղափոխվել: Ասում են` Ռուբեն Հախվերդյանն ու Շուշանը լավ հարևանություն են արել ու միմյանց հյուրընկալվել:

N 23 բնակարան...  Իդա տոտան հաճույքով համաձայնվել է, ու թղթակիցը  նրա  պատշգամբում «բամբասել է» Շուշանից:

Չնայած խիստ զբաղվածությանը` երգչուհին ևս հասցնում է հարևանություն անել, առավոտները երբեմն սուրճ խմել ու հարևանների հետ կիսվել, քննարկել ինչ-ինչ հարցեր:

Հարևանների համար երգչուհի Շուշանն առաջին հերթին փայլուն խոհարար է. ամեն Նոր տարուն կամ որևէ խնջույքի բոլորը նոր ուտեստներ են համտեսում, արտագրում բաղադրատոմսն ու մանրամասնում պատրաստման եղանակները: Իդա տոտան շատ է հավանում հատկապես Շուշանի պատրաստած աղցանները: Տիկին Իդան պատմում է, որ երգչուհին շատ է սիրում իրանական խոհանոցը: Նա հարևաններին միշտ զարմացնում է իր զարդարած տոնածառով: «Ընենց տոնածառ է դնում, մարդ գժվում է, ու միշտ նվերներ է փաթաթում բոլորի համար, ինձ համար` նույնպես»,- անկեղծորեն ասել է  տիկին Իդան, նաև  ցույց է տվել այն բաղադրատոմսերը, որոնք Շուշանից է իմացել: Շուշանն էլ շատ է հավանում հարևանուհու թխած խմորեղենները, հատկապես` միկադոն, էկլերը և այլն... Իդա տոտան նկատել է, որ երգչուհին իր բնակարանի բանալիները հենց իրեն է վստահում և հարկ եղած դեպքում էլ հայտնի ու մեզ անծանոթ հարևանները միշտ դիմում են միմյանց օգնությանը:

«Շուշանին գիտեի մինչ այս բնակարան գալը. Սևանում ենք ծանոթացել, մեր ընդհանուր ծանոթը մեզ ծանոթացրեց: Հետո այնպես ստացվեց, որ որոշեցի Մոսկվայից մշտապես տեղափոխվել Երևան և բնակարան գնեցի այս շենքում, որից հետո Շուշանը այստեղ բնարական գնեց և արդեն տասը տարի է` հարևաններ ենք: Հրաշալի մարդ է նա»,- նշեց տիկին Իդան: Նրա ասելով` երգչուհին սիրում է հատկապես լուծվող սուրճը` կաթով կամ սերուցքով: «Շատ զարգացած, կրթված, լավ ընկերուհի է Շուշոն, շատ սիրում է նվերներ անել, շատ ուշադիր է, անպատճառ նվիրում է ծաղիկներ: Կիսվում է ինչ-որ հարցերում, միշտ միասին խաչբառեր ենք լուծում, ուղղակի վերջերս ժամանակ չունի»,-  անկեղծ զրույցը շարունակել է  Շուշանի հարևանուհին: Երգչուհին հարևաններին չի մերժում նաև գրքերի հարցում. Իդա տոտան պատմել է, որ Շուշանը հաճախ է նոր գրքեր գնում. նրանից հարևանները միշտ կարդալու գիրք են խնդրում: Ըստ նրա` երգչուհու տանը ընկերներով հավաքվում են, հատկապես երբ Ավստրալիայից մայրն է գալիս և, որ շատ ուշադիր աղջիկ է, անչափ սիրում է ծնողներին, քույրիկին` Մարիամին: Շուշանի միջոցով հարևանուհին լավ ճանաչում է նաև Հասմիկ Կարապետյանին, Ավետ Բարսեղյանին, ովքեր հաճախ են լինում երգչուհու տանը: Իսկ ահա շոու-բիզնեսին առնչվող հարցեր Շուշանը հարևանների հետ երբեք չի քննարկում: Տիկին Իդան վստահեցրել է, որ Շուշանն ընտանեկան խնջույքներին չի երգում, բայց ուրախ ու կենսասեր մարդ է:

Նա դեռ տեղյակ չէ, թե ուր է երգչուհին մեկնելու հանգստանալու, բայց շատ տպավորիչ փոխանցել է երգչուհու ու նրա հոր ուղևորությունը Արևմտյան Հայաստան: «Այնպես էր պատմում, կարծես աչքիդ առաջ դրանք տեսնում էիր»,- ոգևորված ներկայացրել է Իդա տոտան:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին