Արդեն անդրադարձել ենք թուրքական սերիալների թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու են դրանք այդքան կարևոր թուրքական պետության համար և թե ինչ վտանգներ են իրենց մեջ պարունակում՝ հայ հեռուստադիտողի համար։
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Երբ թեմայի վերաբերյալ ինֆորմացիա էինք հավաքում նկատեցինք, որ հայկական սոցիալական կայքերում էլ կան թուրքական սերիալներին առնչվող նյութեր՝ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Թուրքական սերիալների Top 10», «Լավագույն թուրքական սերիալները, որոնք կարող եք դիտել Netflix-ում» կամ «Լավագույն թուրքական դրամատիկ սերիալները» և այլն։ Այսինքն՝ անգամ հայ իրականության մեջ այդ սերիալները ներկայացվում են դրական կողմով։ Իհարկե, կարելի էր և անտարբեր լինել այս երևույթի նկատմամբ, եթե զուգահեռ իրականության մեջ Թուրքիան անգամ այդ հեռուստասերիալների միջոցով չփորձեր խեղաթյուրել պատմությունն ու անդրադառնար հայերին ու Հայաստանին՝ իրեն ձեռնտու տարբերակով։
Համացանցի բազմաթիվ օգտատերեր էլ նշում էին, որ այո՛, հասարակության մի ստվար զանգված իսկապես դիտում է այդ սերիալները՝ որպես հիմնավորոպմ բերելով այն փաստը, որ հայկական սերիալային արտադրությունը, մեղմ ասած, վատ վիճակում է և հեռուստադիտողը չունի այլընտրանքի հնարավորություն։ Չանդրադառնալով այն թեմային, որ անհնար է 21-րդ դարում չունենալ այլընտրանքի հնարավորություն, չենք կարող չնշել, որ իսկապես այսօր հայկական հեռուստասերիալները չեն բավարարում հեռուստադիտողների լայն շրջանակի պահանջները և այդ սերիալների ստեղծագործական աշխատանքներում ներգրավված անձինք էլ որոշ չափով իրենց մեղքի բաժինն ունեն, որ թշնամու քարոզչությունը հասնում է մինչև Հայաստան ու կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, եթե իհարկե արդեն իսկ չունի։
Ինստագրամյան հարթակում էլ գրեթե ամեն երկրորդ այսպես կոչված էդիթները թուրքական սերիալներից հատվածներով են։ Թե նմանատիպ կոնտենտից, թե սոցիալական տարբեր հարթակների մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ հայ հեռուստադիտողներին՝ առավելապես կանանց և աղջիկներին գրավել են մոդելային արտաքինով ու գեղեցկադեմ դերասանները։ Բայց թե ինչ ենթատեքստերով են խոսում այդ դերասանները և որ ավելի կարևոր է, թե իրականում ինչ անձնական վերաբերմունք ունեն հայերի ու Հայաստանի վերաբերյալ՝ քչերին է հետաքրքիր։ Նայելով այդ դերասանների ինստագրամյան էջերը՝ կարող ենք փաստել։ Դրանք բավականին պրոֆեսիոնալ կերպ են կառավարվում և նպատակ ունեն շարունակել թուրքական սերիալներում հնչող թեզերն ու ապացուցել դրանք։ Գրեթե բոլոր դերասանների էջերում տեսնք մ ենք այսպես կոչված թուրքական պատմամշակութային վայրերը գովազդող, #արիԹուրքիա հեշթեգով հրապարակումներ։ Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այդ վայրերը հիմնականում պատմական հայկական տարածքներն են։ Բոլորովին վերջերս, թուրք հայտնի սերիալային դերասաններից մեկը, ում հետևորդները ինստագրամում հատում են 11 միլիոնի սահմանը և ցավով պետք է նշել, որ դրանց մեջ քիչ թիվ չեն կազմում նաև հայերը, այցելել էր Վան՝ Աղթամար կղզի, բնականաբար այն ներկայացնում էր որպես զբոսաշրջային հիանալի կենտրոն, աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց հրավիրում էր իր երկիր, և որ ամենակարևորն է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը հայկական ճարտարապետության կոթողներից մեկն է ներկայացնում էր որպես թուրքական՝ իր բառերով ասած «ինչ-որ մի կառույց»։
Կամ՝ վերջին տարիներին նկարահանված և աշխարհի մի շարք երկրներում ցուցադրված թուրքական հեռուստասերիալներից մեկի իրադարձությունները ծավալվում էին Մարդինում, որը հայոց հին բերդաքաղաքներից է։ Սերիալի տեսարաններում մշտապես երևում են շքեղ տներն ու աշտարակները, եկեղեցին, որոնք հայկական են՝ կառուցված հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով։ Բայց իհարկե, սերիալում գրեթե բոլոր դերասանների խոսքերում անընդհատ հիշատակվում է, թե որքան վաղուց են իրենց պապերն ապրել այդ հողերում ու կառուցել այդ շինությունները։ Նույն սերիալի տարբեր տեսարաններում կարելի է նկատեք հայկական գորգեր ու հայկական տարազային նախշերով կարված սփռոցներ։ Անգամ տեսողական մակարդակով թուրքերը փորձում են յուրացնել հայկականը։
Կամ՝ մեկ այլ օրինակ։ Թուրքական պետական հեռուստաալիքով ցուցադրվող պատմական հեռուստասերիալում, որը պատմում է թուրքական սուլթան Ալփ Արսլանի մասին, նկարագրված է պատմության այն ժամանակահատվածը, երբ թուրքերը բյուզանդացիներից գրավեցին Անին։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ սերիալում Անին ի սկզբանե ներկայացվում է որպես բյուզանդական քաղաք և չկա ոչ մի հիշատակում նրա հայկականության մասին։ Այն որ թուրքական պետական հեռուստաալիքը բավականին հետևողական է անգամ դերասանների ընտրության հարցում գաղտնիք չէ։ Վերջերս Թուրքիայում սերիալային դերասաններից մեկի երկրպագուների շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ թուրքական հետախուզության մասին պատմող հեռուստասերիալի գլխավոր դերակատարին հեռացրել են նախագծից՝ հայ ընկերուհի ունենալու պատճառով։ Նախ՝ ըստ տեղեկությունների՝ դերասանի և հեռուստաընկերության միջև կնքված պայմնագրի միջև եղել է կետ՝ համաձայն որի, թեկուզ ձևական պետք է դադարեցնել շփումը հայի հետ՝ որպես հիմնավորում բերելով այն փաստը, թե նման պահվածքը կարող է վատ օրինակ լինել երիտասարդների ու մանավանդ դեռահասների համար։ Որոշ ժամանակ անգամ դերասանն ու հայազգի ընկերուհին դադարել էին հետևել միմյանց սոցիալական հարթակներում։ Եվ միայն սկանդալային խոսակցոպթյուններից հետո սերիալի հեղինակները ի վերջո որոշեցին հեռացնել դերասանին նախագծից՝ սերիալի լարված հատվածներում նրա հերոսին պարզապես սպանելով։
Թուրք մյուս հայտնի դերասաններից մեկի հայրն էլ, ով հայտնի է «Գորշ գայլեր» խմբավորմանը իր անդամակցությամբ մեկ անգամ չէ, որ սպառնալից արտահայտություններ է արել հայերի ու քրիստոնյաների հասցեին։ «Գորշ գայլեր» խմբավորման գաղափարական առաջնահերթությունները ազգայնականությունը և պանթյուրքիզմն են։ Նրանց նպատակն է ստեղծել Մեծ Թուրան՝ թուրքական ազգային ավանդույթների, մշակույթի և հասարակական կարգի հիման վրա։ Այսինքն՝ թուրք ամենահայտնի դերասանները դեռ մանկուց մեծանում են նման գաղափարներով և բնական է, որ լիարժել պետք է կարողանային ստանձնել այն դերը, որն իրենց ստիպում է թուրքական պետությունը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էլ դերասանների կողմից կար և ուղղակի և անուղղակի աջակցությունն Ադրբեջանին։ Նրանցից շատերը այդ ընթացքում իրենց սոցիալական հարթակներում լուսանկարներ էին հրապարակում Ադրբեջանից, իսկ սերիալներում ուղիղ տեքստով խոսում մեկ ազգ երկու պետություն կոնցեպտի մասին։ Իսկ ահա դերասահուներից մեկը, ով մայրական կողմից ադրբեջանցի է, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հայտնի պատճառներով ինստագրամյան իր էջում հրապարակել էր մանկության տարիներին Բաքվում արված լուսանկարներից մեկը, որի մեկնաբանությունների հատվածում էլ ադրբեջանցիները տոնում էին իրենց հաղթանակը։
Այժմ էլ Թուրքիան նախագծեր է նկարահանում Netflix-ի համար, այդ ֆիլմերում և սերիալներում նույնպես առաջ տանելով նույն գաղափարախոսությունը։ Netflix-ի համար նկարահանած թուրքական սերիալներից մեկում կա նաև Հակոբ անունով հայ երիտասարդի կերպար, ով կամ անտեսված է, իսկ երբեմն երևալիս էլ ներկայացված է որպես ստախոս ու վախկոտ կերպար։ Այսինքն՝ Թուրքիան հենց այսպես է հայերին ներկայացնում աշխարհին։ Ի դեպ և Netflix-ում և HBO-ում թուրքական սերիալները առնվազն թոփ 100յակում են։
Կարող ենք փաստել, որ Թուրքիան հեռուստասերիալների միջոցով տարածում է իր գաղափարախոսությունը, նրան այդ գործում օգնության են հասնում հայտնի դերասանները, իսկ այդ ընթացքում հայ հայտնիները իրենց հանգիստը կազմակերպում են Թուրքիայում և այդ կադրերով կիսվում իրենց սոցիալական ցանցերում»։