Եթե մի կողմ դնենք Սահմանադրական կամ ՀՀ որեւէ այլ դատարանի անկախության ու անաչառության վարկածը որպես անմեղսունակ, պետք է պատասխանել արդարադատության սույն պոռթկամ իրական պատճառների հարցին: ՍԴ նույն կազմը ոչ հեռու անցյալում սահմանադրական ու արդար էր ճանաչում շատ ավելի ճչացող հանցագործություններ, ընդհուպ մինչեւ պետական հեղաշրջում` իսկ այլ կերպ որակավորել կեղծված, կաշառված ու արյամբ ողողված «ընտրություններ» կամաչեր ցանկացած թաղայինը: Հետեւաբար, մեր այսօրվա համեստ նվաճումը պետք է դիտել ոչ որպես ժողովրդի ու արդարության հաղթանակ մեկ-երկու տգետ եւ ագահ պաշտոնյաների նկատմամբ, այլ իբրեւ թշնամու մարտավարական հնարք` ժամանակավոր նահանջ հերթական հարձակումից առաջ: Գրոսմայստեր Սարգսյանը որոշեց զոհաբերել ձիուն որակն ու կուռ շարքերը պահպանելու համար: Նրա քաղաքական պարտիաները (եւ գրպանային կուսակցությունները) վերջերս պայթում են մեկը մյուսի ետեւից: Հնից հավաքված վարկաբեկիչ անձնական «կոմպրոմատի» ծանրության տակ տեղի տալով ու հանձնելով երկրի ինքնիշխանության վերջին հատվածները, նա մեր կիսասուզված տապանը կապեց սառցաժայռին արդեն բախված ու խորտակվող ռուսական «Տիտանիկին»: Նա ոչ միայն չկարողացավ զսպել բիբլիական ելիցի հասնող արտագաղթը Հայաստանից, այլ տապալեց նաեւ Սիրիայից եւ Իրաքից հնարավոր բայց չիրականացված ներգաղթը: Նա վերջնականապես մեկուսացրեց մեր երկիրը, հավասարացնելով այն ՄԱԿ քվեարկության զոհասեղանին մոլորակի ամենամռայլ ու հետամնաց բռնապետությունների` Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեյի ու Սուդանի հետ: Նա խաբեբաությամբ թաքցնում էր ժողովրդից գազի գնի բարձրացումը, հետաձգելով անխուսափելի բացահայտումը իր կեղծված «չընտրություններից» հետո: Նա ոչ միայն չվերաբնակեցրեց ազատագրված Արցախը, այլ դագաղներ է արտահանում այնտեղից, ամեն շաբաթ պատանի զինվորի կյանքով ծխացնելով իր կրոնապաշտ վարչապետի մեռելոցները: Նա վերջնականապես սանձազերծեց իր իշխանության երաշխավոր քրեականներին, նրանց տալով անպատիժ մարդասպանության, թալանի, մշակույթի ոչնչացման ազատություն: Երբ այս ոհմակի խրախճանքից զզված երկինքն է արդեն կարկուտ ու բուք թափում մեր հապշտակված երկրի վրա, ժողովրդին խելքի բերելու ու ոտքի հանելու վերջին հույսով, նա շտապում է խուսանավել ու ժողովրդի աչքին թոզ փչելով, կրկին հետաձգում է հերթական թանկացումը, որպեսզի երիտասարդ «թոշակառուների» բողոքը չհամընկնի գյուղացիների հասունացող պոռթկման հետ ու չբերի համաժողովրդական ապստամբությանը: Քանզի Սերժ Սարգսյանն ու նրա անձնական օգտագործման սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ նրանց օտարազգի տերերը ամենից շատ խուսափում ու սարսափում են հենց այդ Սահմանադրությունից, ավելի ճիշտ` դրա երկրորդ հոդվածից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին... Եւ ուրեմն` ոչ մի դեպքում չհեռանալ մարտադաշտից, վայր չդնել զենքերը, տուն չգնալ տոնելու: Սա դեռ հաղթանակ չէ, սա անգամ դեռ մարտ էլ չէ, սա միայն մարտահրավեր է: Հրեշը որջից դուրս է եկել` պատրաստվենք մենամարտի:
Ի՞նչ է խանգարում հրճվել ՍԴ որոշումից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet