Սույն իրական պատմությունը ներկայացնում ենք ընթերցողին` կոչ անելով հավատքի եւ փրկության աստվածահաստատ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամարների ներքո:
Կ. Իկսկուլը նախահեղափոխական Ռուսաստանի տիպիկ երիտասարդ մտավորականներից էր: Նա մանուկ հասակում մկրտվել եւ մեծացել էր ուղղափառ միջավայրում, բայց, ինչպես այն ժամանակ ընդունված էր մտավորականների շրջանում, կրոնին վերաբերվում էր սառնասրտորեն: Նա երբեմն այցելում էր եկեղեցի` նշելու Սուրբ Ծնունդը կամ Զատիկը, նույնիսկ տարին մեկ անգամ հաղորդություն էր ստանում, բայց ուղղափառության մեջ շատ բաներ համարում էր հնացած սնահավատություն, այդ թվում նաեւ անդրշիրիմյան կյանքի մասին ուսմունքը: Նա վստահ էր, որ մահվամբ մարդու կյանքն ավարտվում է:
Շուտով Իկսկուլը հիվանդացավ թոքաբորբով: Հիվանդությունը ծանր էր եւ երկարատեւ: Վերջապես նրան հիվանդանոց տեղափոխեցին: Մոտալուտ մահվան մասին չէր մտածում, այլ հույս ուներ ապաքինվելու եւ անցնելու կիսատ թողած գործերին:
Մի առավոտ նա հանկարծ իրեն լավ զգաց: Հազն անհետացավ, ջերմը թողեց: Նա մտածեց, որ վերջապես ապաքինվել է, բայց ի զարմանս նրա` բժիշկներն սկսեցին անհանգիստ վազվզել, նույնիսկ թթվածին բերեցին: Հետո նա սկսեց դողալ եւ համակվեց շրջապատի նկատմամբ լիակատար անտարբերությամբ:
Ստորեւ հատվածաբար ներկայացնում ենք նրա վկայությունն իր հոգու անդրշիրիմյան ճանապարհորդության մասին.
«Ողջ ուշադրությունս կենտրոնացավ ինձ վրա` Ասես երկվություն առաջացավ` Հայտնվեց ներքին` գլխավոր մարդը, որը լիովին անտարբեր էր արտաքինի` մարմնի եւ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր դրա հետ. տարօրինակ էր տեսնել ու լսել ամեն ինչ եւ միեւնույն ժամանակ ամեն ինչի հանդեպ օտարություն զգալ: Ահա բժիշկը հարց է տալիս, իսկ ես լսում ու հասկանում եմ, բայց չեմ պատասխանում. ես նրա հետ խոսելու պատճառ չունեմ:
Հանկարծ մի սարսափելի ուժ ինձ ձգեց ներքեւ` դեպի հողը. Ես այս ու այն կողմ էի նետվում: -Մեռնում է,- ասաց բժիշկը: Ես ամեն ինչ հասկանում էի, բայց չվախեցա: Հիշեցի կարդացածներս այն մասին, որ մահը ցավ է պատճառում: Ես ցավ չէի զգում, բայց ինձ համար, ծանր էր ու տհաճ. ինչ-որ բան ինձ ներքեւ էր ձգում: Զգում էի, որ մի բան պետք է անջատվի: Ես ազատվելու ջանք գործադրեցի եւ հանկարծ թեթեւություն զգացի: Ինձ համակեց անդորրը, հանկարծ թեթեւացա: Ապա հանգստություն զգացի:
Այն, ինչ կատարվեց դրանից հետո, հիշում եմ շատ պարզ: Ես կանգնած էի սենյակի կենտրոնում: Ինձանից աջ` անկողնու մոտ, կիսաշրջանաձեւ կանգնած էին բժիշկներն ու բուժքույրերը: Ինձ համար զարմանալի էր, թե նրանք ինչ են անում այնտեղ. չէ՞ որ ես այնտեղ չէի, այլ այստեղ: Մոտեցա, որ նայեմ: Անկողնում պառկած էի ես: Տեսնելով նմանակիս` չվախեցա, այլ միայն զարմացա, թե ինչպե՞ս է դա հնարավոր: Ես ցանկացա ձեռք տալ ինձ. ձեռքս անցավ մարմնիս միջով, ինչպես դատարկության միջով. ասես սուզվեց դատարկության մեջ: Ուրիշներին դիպչել նույնպես չհաջողվեց: Հատակը չէի զգում: Ես կանչեցի բժշկին, բայց նա չարձագանքեց: Ես հասկացա, որ լրիվ մենակ եմ եւ խուճապի մեջ ընկա:
Նայելով մարմնիս` մտածեցի. «Չլինի՞ մահացել եմ»: Բայց դա դժվար էր պատկերացնել: Ախր ես առաջվանից ավելի կենդանի էի. ամեն ինչ զգում ու հասկանում էի: Որոշ ժամանակ անց բժիշկները պալատից դուրս եկան, իսկ երկու բուժակներ կանգնած զրուցում էին իմ հիվանդության ու մահվան մասին: Այդ ժամանակ դայակը, շրջվելով սրբապատկերի կողմը, խաչակնքեց եւ արտասանեց սովորական աղոթքը. «Դե, հոգիդ թող լույսերում լինի. հավերժ արքայություն»: Հենց նոր էր արտասանել այդ բառերը, երբ կողքիս հայտնվեցին երկու հրեշտակներ: Նրանցից մեկին ես անմիջապես ճանաչեցի. իմ Պահապան-հրեշտակն էր: Իսկ մյուսն անծանոթ էր: Թեւերիցս բռնելով` հրեշտակներն ուղիղ պատի միջով ինձ պալատից հանեցին փողոց:
Մայրամուտ էր: Ձյան խոշոր փաթիլները հանգիստ իջնում էին հողին: Ես տեսնում էի դա, բայց ցուրտ կամ ջերմաստիճանի փոփոխություն չէի զգում: Մենք սկսեցինք արագ բարձրանալ: Մեր վերելքին զուգահեռ իմ տեսադաշտում բացվում էր ավելի ու ավելի լայն տարածություն, եւ վերջապես այն այնպիսի ահռելի ծավալներ ստացավ, որ ինձ համակեց այդ անծայրածիր անապատի առջեւ իմ` ոչնչություն լինելուս սարսափելի գիտակցումը: Դրա մեջ իհարկե դեր ունեին տեսողության որոշ առանձնահատկություններ: Նախ` խավար էր, բայց ես ամեն ինչ հստակ տեսնում էի. ուրեմն իմ տեսողությունը խավարի մեջ տեսնելու ունակություն էր ստացել: Երկրորդ` ես հայացքով այնպիսի տարածքներ էի ընդգրկում, որպիսիք սովորական տեսողությամբ չէի կարողանա նկատել:
Ժամանակի գաղափարը մարեց իմ մտքում, եւ չգիտեմ` որքան ժամանակ էինք այդպես բարձրացել, երբ հանկարծ հեռվում անհասկանալի աղմուկ լսվեց, ապա, ինչ-որ տեղից հայտնվելով, աղմուկ-աղաղակով սկսեց մեզ մոտենալ գռեհիկ արարածների ամբոխը: «Դեւերը», – անսովոր արագությամբ գլխի ընկա ես եւ քարացա ինչ-որ առանձնահատուկ, մինչ այդ ինձ անհայտ սարսափից: Շրջապատելով մեզ` նրանք սկսեցին գոռալով պահանջել, որ ինձ հանձնեն իրենց. սրանք ուզում էին ինձ բռնելու եւ հրեշտակների ձեռքից փախցնելու ելք գտնել, բայց հավանաբար չէին համարձակվում դա անել: Այդ աննկարագրելի աղմուկի մեջ, որը նույնքան նողկալի էր լսելու համար, որքան նրանց տեսքը` նայելու, ինձ երբեմն հաջողվում էր որսալ առանձին բառեր եւ արտահայտություններ:
«Նա մե՛րն է. նա Աստծու՛ն է ուրացել» – հանկարծ գրեթե միաբերան գոռացին նրանք եւ այնպիսի լկտիությամբ նետվեցին մեզ վրա, որ վախից մի պահ դադարեցի մտածել: «Դա սուտ է, սուտ է», – ուշքի գալով ուզում էի գոռալ ես, բայց ճկուն հիշողությունս կապեց լեզուս: Ինչ-որ անհասկանալի ձեւով ես հանկարծ հիշեցի մի աննշան իրադարձություն, որը կապված էր իմ պատանեկության շրջանի հետ, եւ որը, թվում է, չպետք է կարողանայի հիշել:
Ես հիշեցի, թե ինչպես մի անգամ` դեռ ուսանելուս տարիներին, հավաքվել էինք ընկերներիցս մեկի տանը եւ զրուցելով մեր դպրոցական գործերի մասին` անցանք ուրիշ` բարձր թեմաների, որոնց շուրջ հաճախ էինք զրուցում:
Ես ընդհանրապես անորոշ բաներ չեմ սիրում,- ասում էր ընկերներիցս մեկը,- իսկ դա լրիվ անհնար բան է: Ես կարող եմ հավատալ ինչ-որ բնական երեւույթի` թեկուզեւ գիտության կողմից չուսումնասիրված, ավելի ճիշտ` նույնիսկ չտեսնելով ակնհայտ դրսեւորումներ` կարող եմ ենթադրել դրա գոյությունը, որովհետեւ դա կարող է աննշան լինել կամ ձուլվել ուրիշ ուժերի ու աննկատ մնալ, բայց հավատալ Աստծուն` որպես Անձի եւ ամենազոր Էության, հավատալ, երբ ոչ մի տեղ չեմ տեսնում այդ Անձի բացահայտ դրսեւորումները, արդեն անհեթեթություն է: Ինձ ասում են` հավատա: Բայց ինչու՞ պիտի հավատամ, երբ նույն ձեւով կարող եմ չհավատալ, որ Աստված կա: Ախր էդպես չի՞: Ու հնարավոր է` Նա գոյություն էլ չունի,- արդեն ուղիղ ինձ դիմեց ընկերս:
Հնարավոր է` եւ չունի, – շշնջացի ես:
Այդ արտահայտությունը բառի բուն իմաստով «դատարկ խոսք էր»: Ընկերոջս անհեթեթ դատարկաբանությունը չէր կարող իմ մեջ կասկած առաջացնել Աստծո գոյության վերաբերյալ: Ես նույնիսկ առանձնապես չէի էլ հետեւում զրույցին, բայց ահա պարզվեց, որ այդ դատարկ խոսքն անհետ չի կորել. ես պիտի արդարանայի, պաշտպանվեի ինձ ներկայացվող մեղադրանքներից: Այդ մեղադրանքը հավանաբար իմ հոգու կորստյան ամենից հիմնավոր փաստարկն էր դեւերի համար. նրանք դրանից ասես նոր ուժ ու համարձակություն ստացան ինձ վրա հարձակվելու համար եւ արդեն անտանելի աղմուկով պտտվում էին մեր շուրջը` փակելով մեր ճանապարհը:
Ես հիշեցի աղոթքի մասին ու սկսեցի աղոթել` օգնության կանչելով այն սրբերին, որոնց գիտեի եւ որոնց անունները կարողացա մտաբերել: Բայց դա չէր սարսափեցնում իմ թշնամիներին: Ես` խղճուկ անբանս, միայն անունով քրիստոնյաս, թերեւս առաջին անգամ հիշեցի Նրա մասին, Ով համարվում է քրիստոնյաների Բարեխոսը:
Բայց հավանաբար սրտագին էր իմ աղերսը դեպի Նա, այնքա՛ն սարսափած էր հոգիս, որ հազիվ էի հիշել ու տվել Աստվածամոր անունը, երբ մեզ պարուրեց ճերմակ մառախուղը, որն արագ քողարկեց մեզանից դեւերի անճոռնի ամբոխը: Նրանք կորան իմ տեսադաշտից նախքան մեր հեռանալը: Նրանց գոռում – գոչյունը դեռ երկար ժամանակ լսելի էր, բայց ես ենթադրեցի, որ հետապնդողները հետ են մնացել, որովհետեւ նրանց ձայները գնալով թուլանում էին:
Սարսափն այնպես էր կաշկանդել ինձ, որ ես չէի գիտակցում, թե արդյոք այդ ահավոր հանդիպման ժամանակ մենք շարունակու՞մ էինք թռչել, թե՞ միառժամանակ կանգ էինք առել: Շուտով մեր առջեւ բացվեց անծայրածիր երկինքը, եւ ես հասկացա, որ շարժվում ենք ու շարունակում բարձրանալ:
Քիչ անց վերեւում երեւաց վառ լույսը, որը թերեւս նման էր մեր արեգակին, բայց շատ ավելի պայծառ ու զորեղ էր: «Այնտեղ հավանաբար լույսի արքայությունն է: Այո, հենց արքայություն, ուր տիրում է կատարյալ Լույսը, որն ստվեր չունի»,- խորհում էի ես` տարօրինակ զգացումով կռահելով այն, ինչ չէի տեսնում: «Բայց ինչպե՞ս է հնարավոր լույս առանց ստվերի»,-միջամտեցին երկրային մտքերս:
Եւ ահա մենք հանկարծ սուրացինք դեպի Լույսի ոլորտը, եւ այն կուրացրեց ինձ: Ես փակեցի աչքերս եւ ձեռքով ծածկեցի դեմքս, բայց դա չօգնեց, քանի որ ձեռքերս ստվեր չէին գցում: Բացի այդ, մի՞թե այդտեղ հնարավոր էր պաշտպանվել ձեռքի շարժումով: Մի՞թե այդտեղ հնարավոր էր այդ ձեւով պաշտպանվել:
Բայց տեղի ունեցավ այլ բան: Վերից իջած վեհահունչ, կամային եւ կասկածի նշույլից զուրկ ձայնն ազդարարեց. «Պատրաստ չէ»: Ապա` ակնթարթային դադար մեր սրընթաց թռիչքում եւ արագ անկում: Բայց նախքան կլքեինք այդ երկնային կացարանը, ինձ թույլ տրվեց ճանաչել եւս մի երեւույթ: Այն պահին, երբ վերից հնչեց կարեւոր խոսքը, ասես ողջ աշխարհը, ամեն փոշեհատիկ եւ ատոմ արձագանքեցին համաձայնությամբ: Կարծես բազմամիլիոնանոց մի արձագանք կրկնեց այն` ականջին անլսելի, բայց սրտի եւ մտքի համար շոշափելի ու հասկանալի լեզվով` արտահայտելով լիակատար համաձայնությունը հնչած խոսքի հետ: Այդ միակամությունն այնպես հիասքանչորեն ներդաշնակ էր, այնպես անմեկնելիորեն խրախճալից, որ մեր բոլոր երկրային ուրախություններն ու հիացմունքները դրա համեմատությամբ ասես գորշ, անարեւ օրեր լինեին: Անկրկնելի երաժշտական ակորդով հնչեց այդ բազմամիլիոնանոց արձագանքը, եւ հոգիս ցնծաց ու կրակոտ ցանկությամբ մղվեց միանալու այդ հիասքանչ ներդաշնությանը:
Ես չհասկացա ինձ ուղղված այդ խոսքի իրական իմաստը, այսինքն` չհասկացա, որ պետք է երկիր վերադառնամ եւ առաջվա նման ապրեմ այնտեղ: Ես կարծում էի, թե ինձ տանում են մեկ այլ կացարան, եւ բողոքի թույլ զգացում էի ապրում, երբ իմ առջեւ սկզբում, ասես առավոտյան մշուշում, ուրվագծվեց քաղաքը, հետո արդեն ավելի հստակ ու պարզորոշ երեւացին ծանոթ փողոցներն ու իմ հիվանդանոցը: Մոտենալով անշնչացած մարմնիս` Պահապան հրեշտակն ասաց. «Լսեցի՛ր Բարձրյալի Կամքը: – Ապա մատնացույց անելով մարմինս` հավելեց. – Մտի՛ր նրա մեջ եւ պատրաստվի՛ր»: Դրանից հետո երկու Պահապան հրեշտակներն էլ անտեսանելի դարձան»:
Այս ամենից հետո Կ. Իկսկուլը պատմում է մարմին վերադառնալու մասին, մարմին, որը դիարանում էր արդեն 36 ժամ, նաեւ այն մասին, թե ինչպես բժիշկներն ապշեցին` նրան ողջ տեսնելով: Շուտով նա մեկնեց մենաստան եւ իր երկրային կյանքն ավարտեց` որպես մենակյաց ճգնավոր:
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»