ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով նոր Սահմանադրությունը ժողովրդավարության ամրապնդման խորացման, իշխանությունների տարանջատման երաշխիք է, իսկ ժողովուրդը ցանկացած հարց հանրաքվեի դնելու իրավունք ունի, ուստի, այո պետք է ասել:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այո է ասում, բայց ճարահատյալ.
«Անհրաժեշտ էր փոփոխել սահմանադրությունը: Հիմա անպատասխանատու իշխանական համակարգ է: Չգիտես՝ ով ինչ ֆունկցիա է կատարում: Ինչքան կարողանում են՝ վերցնում են: Ո՛չ նախագահը, ո՛չ կուսակցությունները պատասխանատվություն չեն կրում իրենց նախընտրական խոստումների համար: Տարօրինակ է նաև այն, որ ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացնում, թե ինչպիսի՞ն պետք է լինի պետությունը: Մեկ բան են ասում՝ դրա ժամանակը չէ: Այ ցավներդ տանեմ, բա ե՞րբ է ժամանակը: Հիմա, օրինակ՝ ի՞նչ է նախատեսված, որ եթե կայուն մեծամասնություն կազմող կուսակցությունը կազմել է կառավարությունը, որր չի կատարում նրա նախընտական ծրագիրը, ի՞նչ պատասխանատվություն է կրելու»,-հարցնում է Արշակ Սադոյանն ու առաջարկում.
«2 տարին մեկ գոնե միջանկյալ պատասխանատվություն պետք է լինի»:
«Ո՞նց 2 տարի: Նոր Սահմանադրությամբ ասվում է, որ վարչապետն է պատասխանատու ամեն ինչի համար»,-շտապում է տեղեկացնել Սուքիաս Ավետիսյանը:
«Ի, նոր ընտրություն թող լինի»,-հակադարձում է Արշակ Սադոյանն ու շարունակում.
«Մեկ կարևոր հանգամանք էլ կա, ՀՀ-ն պետք է լինի բոլոր հայերի Հայրենիքը, ուստի պետք է լինի 2-րդ իշխանության պալատ, որտեղ կընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները: Ես ուղիղ կապի մեջ եմ նախագահի հետ, առաջարկել եմ սա, չի ընդունել»:
«Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է»,-փորձեց «տեղեկացնել» ՀՀԿ-ական պատգամավորը:՛
«Ունենք Սփյուռքի նախարարություն, որը միայն ասում է՝ «Արի տուն»: Հիմա հարց՝ ի՞նչ է անում Սփյուռքի նախարարությունը: Բա սփյուռքահայերի խնդիրներն ո՞վ է լուծելու:
Անի Կարապետյան