Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը:
Սիմոնյանի խոսքով՝ իր մեծ տատին և նրա փոքր քույր Ալիսային վերցրել է մի թուրք ընտանիք: «Գեղեցիկ աղջիկներին չգիտես ինչու չէին սպանում»,- գրել է Սիմոնյանը:
«Իմ մեծ տատը թուրք ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հաստատվել է Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք չգիտենք նրա ճակատագրի մասին: Իմ մյուս մեծ տատը ողջ է մնացել միայն այն պատճառով, որ նրան փոքր տարիքում փաթաթել են գորգի մեջ, և թուրքերը նրան չեն նկատել: Իմ մեծ տատն այդ ժամանակ հինգ տարեկան է եղել: Փաթաթված գորգի մեջ՝ նա լսել է, թե ինչպես են սպանում իր ողջ ընտանիքը: Եվ ողջ է մնացել, միայնակ»,- գրել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ այսօր Հայաստանը և «աշխարհի այն հատվածը, որի համար խիղճը և ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությունից ավելի կարևոր են», հիշում են այդ զոհերին: Սիմոնյանը խաղաղություն է մաղթել իր բոլոր նախնիներին և նրանց «գազանաբար սպանված երեխաներին»:
«Իմ հոգում չկա ոչ մեկի նկատմամբ ատելություն: Բայց ես երբեք չեմ մոռանա»,- գրել է Սիմոնյանը: