Իմ մահվան դեպքում երբեք չեմ մերժի, որ օրգաններս հանձնեն որևէ մեկին. Արսեն Թորոսյան
«Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, անհրաժեշտ է նաև իրական, շոշափելի աշխատանք կատարելը»,- ԱԺ-ում, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը․ «Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ՝ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար։ Պարոն Գասպարյանը նշում է, որ գործելակարգերով ամեն ինչ կա, իհարկե կա, օրենքն էլ 2002 թվականից կա, 22 տարի առաջ է ընդունվել, բայց էդքան հեշտ լիներ, կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո այո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց էդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ, մենք այդ հանրային կոմունիկացիան էլ պետք է տանենք։ Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրագանները հանձնել որևէ մեկին, եթե դրանք առողջ լինեն»,- ասել է Թորոսյանը: *** |
ԱԺ հերթական նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը․ «Առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի նաև կենսաբանական մահի հասկացության օրենսդրական ամրագրումը։ Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից՝ հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում»։ |