armlur.am-ը գրում է. Համազգային թատրոնի դերասանուհի, «Կարգին հաղորդման», մի շարք կատակերգական ֆիլմերի ու սերիալների հերոսուհի Արմինե Պողոսյանը երազում է լուրջ դերի մասին: Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ երբեւէ չի բարդութավորվել իր տեսքից, եւ այն իրեն չի խանգարել բեմում: Նա նաեւ անդրադարձել է այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես առաջարկում են ջղային կանանց դերեր եւ խոստովանել, որ դժվարությամբ է մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ, քանի որ ինքը բնավորությամբ հանգիստ մարդ է:
-Այս տարի հասցրե՞լ եք թատրոնից եւ կինոյից նոր հրավերներ ստանալ:
-Մեր թատրոնը մարտին մեկ ամսով գնում է հյուրախաղերի: Տեսնենք՝ եթե նոր բեմադրություններ լինեն, կարծում եմ՝ իմ մասնակցությունը կունենամ դրանցում: Տարին դեռ նոր է սկսվել, այնպես որ, հրավերներ դեռ կունենամ:
-Դուք դերասանուհի եք, որը չունի ստանդարտ արտաքին, այդ առումով, միանշանակ, տարբերվող եք: Այս հանգամանքը Ձեզ երբեւէ բարդութավորե՞լ է:
-Ո՛չ, իմ արտաքինն ինձ երբեք չի խանգարել, ինչ դեր որ խաղացել եմ, համապատասխանել է տեսքիս: Եթե դերը համապատասխանում է տվյալ դերասանի հմտություններին, կարծում եմ՝ այլ խանգարող հանգամանք լինել չի կարող:
-Ձեզ հաճախ բաժին են ընկնում ագրեսիվ կանանց կերպարներ. վերջինը «Սուպեր մամա» կինոկատակերգությունում կերտած ջղային կնոջ դերն էր: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները հենց Ձեզ ընտրում նմանատիպ դերերի համար:
-Պրոֆեսիոնալ դերասանուհին ռեժիսորի առաջարկած ցանկացած դեր պետք է խաղա: Բայց դերասանին մշտապես պետք են փոփոխություններ, նոր դերեր: Քանի որ ինքս կյանքում հանգիստ մարդ եմ, դժվարությամբ եմ մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ: Կոնկրետ «Սուպեր մամա»-ի նկարահանումների ժամանակ վախենում էի, որ այդ կնոջ դերը չեմ կարողանա խաղալ, սակայն ամեն բան ստացվեց:
-Չնայած Դուք դեռ չեք մայրացել, սակայն կարողանում եք արտահայտել մայրական բնազդները, փոխանցել դրանք էկրանից այն կողմ: Դրա վառ վկայություններն են «Աննա», «Որբերը» սերիալներում Ձեր կերտած դերերը: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:
-Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ ցանկանա՝ մի երեխայի մատը փուշ մտնի. ես դա շատ ծանր եմ տանում: Մոր կերպարները շատ սիրով եմ մարմնավորել: Մայրական բնազդներ ունենալու առումով, թերեւս, Դուք ճիշտ եք: Տա Աստված՝ իրականում էլ ապրեմ մայրանալու բերկրանքը: