Նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.
-Ի՞նչպես կգանահատեք այս խաղը, ի՞նչ դեր ու նշանակություն ուներ այն:
-Մեր համար ամենակարևորն այս խաղում փորձարկումներն էին, որ կարողանայինք նոր հրավիրված խաղացողներին տեսնել խաղադաշտում: Այդ առումով մեզ համար շատ կարևոր էր նրանց տեսնել միջազգային մակարդակի խաղում: Իմ կարծիքով՝ վատ չստացվեց:
-Ձեր ապագան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերում որոշվա՞ծ է, թե՞ դեռ անորոշ վիճակ է։
-Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում:
-Խոսում էինք նոր ֆուտբոլիստներից, բայց այսօր ունեինք ընդամենը երկու նորեկ, մնացածները եղել էին հավաքականում: Արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական ֆուտբոլում չունենք հերթափոխ:
-Եթե նկատի ունեք 40-50 ֆուտբոլիստների ցուցակ՝ ապա ոչ, չունենք: Ռումյան Հովսեփյանը երեք տարի է՝ չէր հրավիրվել հավաքական: Առաջին անգամ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի առաջնությունից: Մեր ներկայացրած հայտացուցակում նշված ֆուտբոլիստներին ենք հարմար գտել հրավիրել հավաքական, բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցրել ենք այդ ուղղությամբ աշխատանքները կամ չենք փնտրում: Ամեն ինչ անելու ենք, որ նոր խաղացողների գտնենք և հրավիրենք հավաքական:
-Ի՞նչ խնդիր է դրված ձեր առջև նոր մրցաշրջանում:
-Հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ մեր գլխավոր նպատակը Ազգերի Լիգայում լավ հանդես գալն է: 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին խմբային հանդիպումներ են տեղի ունենալու, և մեր առաջին խնդիրը այդ խմբից դուրս գալն է:
-Խնդրում եմ նշել այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում և կարող են կանչվել ազգային հավաքական:
-Այս պահին չեմ ուզում անուններ նշել, բայց կան երկու ֆուտբոլիստներ, որոնց խաղին ցանկանում եմ անձամբ հետևել, ու եթե հնարավորություն լինի, նաև խոսել նրանց հետ հավաքականում հանդես գալու մասին:
-Ինչպե՞ս կբնութագրեք երկու նորեկներին՝ Էրիկ Վարդանյանին և Հայկ Իշխանյանին: Նրանք արդարացրի՞ն սպասելիքները։
-Այս պահին արդարացրին, բայց մի խաղը ոչինչ չի նշանակում, և պետք է խաղից խաղ արդեն Հայաստանի առաջնությունում ավելացնել: Եթե մի խաղ լավ ես խաղում, բայց հետո հինգ անընդմեջ խաղ ձախողում ես, ուրեմն դա ոչ իրենց, ոչ մեզ ոչինչ չի տալու: Այս խաղից գոհ եմ, բայց ուզում եմ նրանք ավելացնեն, քանի որ մեծ պոտենցիալ ունեն:
-Այսօր Գեղամ Ղադիմյանը խաղում էր ձախ պաշտպանի դիրքում: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը, և հնարավո՞ր է նա շարունակի հանդես գալ այդ դիրքում:
-Հենց դրա համար էլ այս խաղերը շատ օգտակար են, քանի որ կարողանում ես որպես մարզիչ որոշ փորձարկումներ անել: Գեղամը միայն պատանի հասակում էր այդ դիրքում խաղացել: Այսօր կային դիրքային սխալներ, կային բաներ, որոնք չստացվեցին նրա մոտ, սակայն հիմնականում ես գոհ եմ նրա խաղից: Այդ դիրքում նրա խաղը նաև լրացուցիչ մրցակցություն է բերում այդ դիրքի համար, քանի որ Լևոն Հայրապետյանը երկու ամսով վնասվածք էր ստացել, Գագիկ Դաղբաշյանն իր ակումբում ոչ միշտ է այդ դիրքում խաղում: Եթե մենք բոլոր դիրքերում կարողանանք ստեղծել նման մրցակցություն, ապա կարող ենք առաջընթաց ապրել:
-Պարոն Պետրոսյան, մեր հաջորդ մրցակիցը Կիպրոսն է, և հաջորդ մրցակիցներն «Ազգերի Լիգայում» նույնպես լինելու են Բելառուսի, Կիպրոսի մակարդակի թիմեր: Արդյո՞ք դա չի նշանակում, որ դա մեր ֆուտբոլի համար նահանջ կլինի և այն չի զարգանա:
-Քիչ առաջ նշեցի, որ մեր նպատակը հաջորդ տարի «Ազգերի Լիգայում» հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ, և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը մարտին, երկուսը` հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք: