«Իրականում շատ բարդ է եղել, ձգտումը միշտ կար, բայց չեմ ունեցել աջակցություն հայերի կողմից, քանի որ բիթբոքսը որքան էլ համարվի հիփ-հոփի էլեմենտ, Հայաստանում զարգացում չուներ, որովհետև ուշադրության չի արժանացել»,-այս մասին Asekose.am-ից ասաց Հայկ Սնխչյանը:
Վերջինս արդեն տասը տարի է, ինչ զբաղվում է բիթբոքսով և մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում. 2016-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 2017-2018-ից սկսած Հայաստանի առաջնության ժյուրիի կազմում է: 2018-ին մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու Բիթբոքսի աշխարհի առաջնությանը:
Ի դեպ, Գերմանիա մեկնելու և առաջնությանը մասնակցելու հարցում Հայկին աջակցել է իր հարազատ Հայ-ռուսական համալսարանը:
Հայկը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևյալ գրառումն է արել.
«2011-2021. Այո, հենց 10 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հասնել իմ նպատակներից մեկին: 2021 թվականի օգոստոսի 29-ին պատմության մեջ առաջին անգամ հայը՝ Հայաստանի դրոշի ներքո, հայտնվեց բիթբոքսին վերաբերող ամենամեծ համաշխարհային կազմակերպության կենտրոնում, և ըստ իրենց, լիովին համապատասխանեցի իրենց պատկերացրած նորմերին ու մակարդակին: Հոլովակս հայտնվեց Swissbeatbox յութուբյան (5 միլիոն հետևորդ ), ինստագրամյան (550.000 հետևորդ), ֆեյսբուքյան (700.000 հետևորդ), թվիթերյան (40.000 հետևորդ), վկոնտակտե (6000 հետևորդ) և մյուս էջերում»:
Մեզ հետ զրույցում Հայկը նշեց, որ Swissbeatbox-ը տվյալ ոլորտում ամենամեծ հարթակն է:
«Սա առաջին դեպքն էր, որ հայ մասնակից կար՝ Հայաստանի դրոշով: Մի քանի ամիս առաջ ինձ գրել էր տվյալ կազմակերպության՝ ազգությամբ շվեցարացի տնօրենը, նա տեսել էր իմ ակտիվությունը, կատարած աշխատանքներս, հաղթանակներս: Նա էլ ինձ հրավիրեց, ասաց, որ պետք է տեսանյութ ուղարկեմ, որն էլ ընտրվեց: Իսկակես մեծ պատիվ է լինել առաջին հայը, ով հայտնվել է իրենց ուշադրության կենտրոնում: Սա իմ 10 տարվա երազանքն էր, որպեսզի իմ տեսանյութը հայտնվի իրենց կայքում»: