▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իդեալ» խանութի հետ խնդիրներ ունեցած կնոջը տեղափոխել են հոգեբուժարան. «իդեալական» 37 թիվ

«Հայկական ժամանակը» «37 թվական. «Ապահով Հայաստան»» վերնագրի ներքո այսօրվա ընդարձակ խմբագրականում անդրադարձել է մի արտառոց պատմության, որից ներկայացնում ենք մի դրվագ. «Արդեն մոտ 10 օր է` Երևանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Այն, ինչ տեղի է ունեցել Ամալյա Նազարեթյանի հետ, 37-թվի ստալինյան ռեպրեսիաները կամ ժամանակակից հոլիվուդյան Ֆիլմերի սարսափ սյուժեներն է հիշեցնում: Նախօրեի երեկոյան «Հժ»-ն ահազանգ ստացավ շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարևանուհուն ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի, բոնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան: Զանգահարած երիտասարդ կինը խոսելու ընթացքում ծայրահեղ հուզված էր և օգնություն էր աղերսում: Բանն այն է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա և խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ և հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարևաններից որևէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարևանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
«Իդեալ» խանութների ցանցը կապվում է Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: Ամալյա Նազարեթյանը ամուսնացած չէ, նա երեխաներ չունի: Նա իհարկե դժբախտ է, որ ժամանակին չի ամուսնացել և Ներսես Նազարյանի նման մի զավակ էլ ինքը չի ծնել, թանի որ Նազարյանի և նրա նմանների մայրերի հետ նման բան չէր կարող պատահել: Սակայն խնդիրն այստեղ միայն Նազարյանը չէ, տասնյակ մարդիկ ոստիկաններ, բժիշկներ, դատավորներ մասնակցել են այս բարբարոսությանը և որևէ մեկը չի ընդդիմացել: Ոմանց ձեռքերը, Ամալյա Նազարեթյանի մասին խոսելիս, դողում են. սակայն համարձակություն չունեն ասել ճշմարտությունը: Հարևաններն էլ նրա մասին խոսելիս օբյեկտիվորեն վախենում են, չէ որ նրանցից յուրաքանչյուրին կարող են տանել հոգեբուժարան: Մենք նույնպես վախենում ենք. վախենում ենք առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում բորենիների ձեռքում հայտնված այդ կնոջը միայն իրենց հայտնի պրեպարատներ ներարկեն և իսկականից հոգեկան հիվանդ դարձնեն: Կասեք նման բան հնարավո՞ր չէ «Ապահով Հայաստանում»: Իսկ վերը նկարագրվածը հնարավո՞ր է: Եթե այսօր նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, առողջապահության նախարարը, ոստիկանների շեֆ Վլադիմիր Գասպարյանը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, հարկադիր բուժման որոշում կայացրած դատավորը բոլորը միասին չգնան և Ամալյա Նազարեթյանի ձեռքից բռնած, իսկ ավելի ճիշտ սեփական ձեռքերում գրկած դուրս չհանեն այդ վայրից, հույս ունենք իրենց ծնած մայրերի աչքերին ամեն անգամ նայելիս կհիշեն իրենց համատեղ ջանքերով հոգեբուժարանում տառապող միայնակ, անզավակ Ամալյա Նազարեթյանին: Եթե մոռանան, մենք պարբերաբար կհիշեցնենք»:

 

Այս և ուշագրավ այլ նյութեր` Հայկական Ժամանակի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին