Համացանցում մեծ դժգոհություն է առաջացրել իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերն, ում համոզմամբ, պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր զենքով ինքնապաշտպանվելու մասին հայտարարություններ են անում:
«Այդ հայտարարությունն անողներին ես, օրինակ, մտածում եմ, որ ընդհանրապես պետք է մեկուսացնել հասարակությունից: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կո՞չ են անում: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը: Ինչ է՝ Հայաստանում կամ ցանկացած երկրում նման միջադեպեր չե՞ն լինում, և ոստիկանությունն էլ պետք է զբաղվի այդ գործերով: Կոչ են անում, որ երիտասարդներին հանեն իրար դե՞մ, ազգը ազգի դե՞մ: Վտանգավոր է, որ ընդհանրապես նման կոչ անողները շփվեն հասարակության հետ, դրա մեջ կհամոզվեք ապագայում: Ես չգիտեմ՝ դրանք ումով են ուղղորդվում, նախ պետք է ճշտել: Ես գնալով միանշանակ համոզվում եմ, որ ուղղորդողներ կան, որովհետև այդպես չսիրել իրենց երկիրը, իրենց պետությունը և անընդհատ ցանկանալ լարել ներքաղաքական իրավիճակը, խոչընդոտներ ստեղծել առանց այդ էլ արտաքին աշխարհի այս մարտահրավերների պայմաններում․․․»,- ասել է Վահրամ Բաղդասարյանն՝ Ազատություն ռադիոկայանին:
Նրա խոսքերին արձագանքած տասնյակ քաղաքացիների կարծիքներից ներկայացնեն մեկը.
«Ի գիտություն այս հանրապետականի,
զենքի մասին ՀՀ օրենքի հոդված 24-ով սահմանվում է՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Նախքան տգիտությամբ փայլելը և այսպիսի հայտարարություններով փաստելը ՀՀ օրենքներից ընդհանրապես տեղյակ չլինելու մասին, տեղեկացիր, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի ինքնապաշտպանության քաղաքացիական զենքի միջոցով՝ այն է գազային զենք, անփող հրազեն և ողորկ-երկարափող հրազեն։ Այլ հարց է, որ ՀՀ քաղաքացիները ստիպված են պաշտպանվել ձեզ պես հանցագործներից ու ռեժիմի պատվերով 23 տարեկան աղջկա կամ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց վրա հարձակված տականքների դեմ պետք է կիրառվի նույն ինքնապաշտպանական զենքի տեսակը։
Քաջ գիտակցում եք, որ հայ ժողովրդի առաջին թշնամին եք ու ձեզնից ինքնապաշտպանվելու խնդրի առաջ է կանգնած ամբողջ ազգը։ Եվ միայն այս գիտակցումից է սրանց մոտ առաջանում իրենց աթոռը ամեն գնով պահելու հիվանդագին մոլուցքը և հետևաբար նման անհեթեթ հայտարարությունները»,-գրել է Էվելինա Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, անդրադառնալով վերջին օրերին իր անդամների նկատմամբ իրականացված «ոստիկանական բռնություններին», հայտարարել է, որ եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացուն, ապա «առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով ինքնապաշտպանությանը»: