Ավելի վաղ ASEKOSE.am-ը ռեփեր ՀՏ Հայկոյին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որի հեղինակը խնդրում էր երգչին անպայման այցելել Վանաձորի մանկատուն:
«Ձեզ այնտեղ երկրպագում և աստվածացնում են: Դուք մանկատանն ապրող 88 երեխաների կուռքն եք, և նրանց երազանքը Ձեզ տեսնելն է: Նրանց երազանքի իրագործումը Ձեզնից 5-6 ժամ կխլի»,- ասվում էր նամակում:
ՀՏ Հայկոն արձագանքել է նամակին և «Օգնենք Վանաձորի մանկատանը» երիտասարդական շարժման կամավորների հետ այցելել Վանաձորի մանկատուն:
«Համացամցում տարածված բաց նամակով մանկատան երեխաների` ինձ տեսնելու ցանկությունն են փոխանցել ինձ: Նամակին ծանոթանալով` անմիջապես արձագանքեցի: Ժամանակի սղության պատճառով այցելությունս հետաձգվեց 2 շաբաթով, սակայն մտադրվել էի անպայման գնալ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀՏ Հայկոն:
«Երեխաների հետ հանդիպումը շատ ջերմ էր: Շատ լավ ընդունեցին, ուրախացան, անգամ փոքրիկ հանդես էին կազմակերպել: Առհասարակ, Ճանաչված մարդկանց ներկայությունը մանկատներում փոխում է երեխաների առօրյան, հատկապես եթե դա իրենց ցանկությունն է: Իրենք ցուցակ ունեն, թե էլ ում են ցանկանում տեսնել»,- հավելեց երգիչը:
ՀՏ Հայկոն խոստացել է կրկին այցելել երեխաներին: Իր իսկ խոսքով` առաջիկայում կկատարի խոստումը.
«Սիրով կրկին կմասնակցեմ նման միջոցառումների, եթե ժամանակս ների: Ինչքան հնարավոր է, կփորձեմ օգնել մանկատան երեխաներին: Վանաձորի մանկատուն անպայման մեկ անգամ ևս գնալու եմ, քանի որ խոստացել եմ: Երեխաները համերգային ծրագիր էին ուզում, ես ծրագիր չէի պատրաստել: Բայց խոստացա, որ եթե Վանաձոր գնամ համերգներով, իսկ նման համերգ այս տարվա ընթացքում պլանավորում ենք կազմակերպել, բոլոր երեխաներին անպայման կհրավիրեմ»:
72157633255425469