Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2012թ.-ի օլիմպիական խաղերի դոպինգ-թեստերի վերստուգման հերթական արդյունքները:
Դրական են եղել 12 մարզիկների դոպինգ-թեստերի արդյունքները: Նրանց թվում է նաև 2012թ.-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Ավելի վաղ դրական արդյունք էր տվել նաև Խուրշուդյանի 2008թ.-ի դոպինգ-թեստը: Այսպիսով, մեր մարզուհին, բացի որակազրկումից կարող է զրկվել նաև Լոնդոնի խաղերի բրոնզե մեդալից:
Բացի այդ, IWF-ը նախկինում հայտարարել է, որ կարող են որակարզկվել այն ֆեդերացիաները, որոնք 2008 ու 2012թթ. խաղերի դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքում երեք ու ավել դրական դոպինգ թեստ հանձնած մարզիկներ ունեն: Հիշեցնենք, որ դրական է եղել նաև Տիգրան Մարտիրոսյանի` 2008թ.-ի դոպինգ թեստի արդյունքը:
Նոր հրապարակված մարզիկների ցուցակում առկա են նաև Ռուսաստանի չորս, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Վրաստանի ու Բելառուսի ներկայացուցիչների անուններ: Նրանցից մի քանիսը Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալակիրներ են: