▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հող չե՛ս հանձնի, երբ այնտեղ բնակվում են, երբ այնտեղ կյանք կա...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հողերը հանձնում ենք, չենք հանձնում, կհանձնենք, չենք հանձնի…Քանի տարի է՝ 1994թ. սկսած խոսում ենք, քննարկում, իրար կոկորդ կռ(ր)ծում, հայհոյում, անիծում, թշնամանում, բարիշում…Եվ ի՞նչ…Արդյունքը…

Ճիշտ են ասում. հող չե՛ս հանձնի, երբ այնտեղ բնակվում են, երբ այնտեղ կյանք կա, ապրում են, ստեղծում, արարում, կառուցում, հարսանիքի երաժշտություն ու երեխայի ճիչ լսում, սրբորեն դողում նախնիների ստեղծածն ու գերեզմանները, աճյունները պահպանելու համար:

Իսկ ինչ ենք արել մենք այս 22 տարվա ընթացքում…Բացի ճանապարհ կառուցելուց, այն էլ անորակ…Որտե՞ղ ենք մսխել «Համահայկական հիմնադրամի» գումարները, արդյունավե՞տ ենք ծախսել, դողացե՞լ ենք ՝ հսկել ծախսերն ու դրանց նպատակահարմարությունը:

Բիզնեսի, անասնապահության, այգեգործության համար արտոնյալ պայմաններ, օժանդակություն, վարկային խելամիտ քաղաքականություն վարե՞լ ենք, այդ տարածքները բնակեցնելու համար կոնկրետ քայլեր կատարե՞լ ենք… Իհարկե ոչ…

Ազատության հրապարակից վերջերս ղարաբաղցիներին տուն ուղարկող մի քանի խելապակասներ թող իմանան, որ արցախցին Արցախում է, պաշտպանում է Հայրենքը, նա գիտի իր գործն ու երբեք չի նվնվում և հավայի խոսալու ժամանակ չունի…Հայրենասիրությունից, Հայրենիքից խոսացող, գոռացող հեռավոր և մերձավոր հայերը երբևիցե մտածե՞լ են լցվեն այդ վայրերը, զինվորագրվեն, ապրեն, ստեղծեն, զարգացնեն, պահպանեն այդ արյան գնով նվաճած տարածքները՝ Քարվաճառը, Բերձորը, Արցախը և ազատագրված ոչ անմիջական պաշտպանական տարածքները…Իհարկե ոչ…

Բարի, ազնիվ, երկրի ապագայով մտահոգված ու խելամիտ նպատակներով տոգորված «հարձակվեիք» և բնակեցնեիք այդ տարածքները…Արցախցու նեղություններն ու վտանգները զգայիք ու նոր հեռվից դասեր տայիք ու խրատներ…Բա էլ մյուս ազգերից ի՞նչ ենք ուզում…

Մենք այդ ազատագրած տարածքները Հայրենիք «չսարքեցինք» , իսկ հիմա էլ սոցցանցերում, ամերիկաներից, եվրոպաներից, ռուսաստաններից ու բազարային մակարդակի հանրահավաքներից հայրենասիրությունից, հողեր հանձնել-չհանձնելուց ենք խոսում…

Հին ազգ ենք, գուցե ծերացել ենք ու դարձել փնթփնթան, հայհոյող, նվնվացող, անիծող, մուննաթ ու միայն պահանջող…Մի օր ամեն մեկդ նեղություն քաշեք ու մտածեք, թե դուք ինչ եք արել հայրենիքի ու ազգի համար…Ու նոր խոսացեք, եթե իրավունք կվերապահեք ձեզ, կամ էլ սուսուփուս, ձեններդ կտրած եկեք Հայաստան ու Արցախ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին