ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում է ՀՀ ֆինանսների նախարարությանն առավել բարելավվել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման և կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն:
Միաժամանակ նշեց, որ գնումների պաշտոնական հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ հաշվետվություններում ներկայացված են նաև տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների ներկայացրած միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն: Բացի այդ, կարելի է տեսել ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գներն ու հաղթողի առաջարկած գինը:
«Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ: Սա հանրության լուրջ մտահոգությունն է և ես ցանկանում եմ, որ կառավարությունն այս միջոցառումներն իրականացնի և ապահովվի ավելի թափանցիկ գնումների գործընթաց»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: