azatutyun.am-ը գրում է.Այս պահին վերջնական որոշում չի կայացվել, թե ո՞վ կլինի վարչապետը, այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Այսինքն, դեռ վերջնական որոշում չունի Սերժ Սարգսյանը»,-այս դիտարկմանը իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքել է․ - «Իհարկե, վերջնական որոշում չկա, կարծում եմ, որ երևի թե հինգշաբթի օրը նորից [Հանրապետականի ղեկավարությունը] կհավաքվենք, երևի քննության նյութ կդառնա նաև էդ խնդիրները»:
Մամուլը որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդ շրջանառում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Գալուստ Սահակյանը թեև չի հաստատել, որ նա հավանական թեկնածուների մեջ է, բայցևայնպես բավականաչափ գովել է Աբրահամյանի կարողությունները՝ վստահեցնելով, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար:
«Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի էն գործընթացները, որը այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ»,-ասել է Հանրապետական խմբակցության ղեկավարը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում