▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշարձանը սուպերմարկետ սարքելը «սիրուն չի»

Հարգելի համաքաղաքացիներ,

 

Ծածկած շուկայի ապօրինի շինարարության դեմ ձեզ հետ միասին պայքարել ենք սկսած այն պահից, երբ հուշարձանի կամարների մի մասը սկսեցին քանդել: Հանցագործության մասին ծանուցում տրվեց: Կազմակերպվեցին բազմաթիվ բողոքի ակցիաներ, ինչպես նաև բաց ստորագրահավաք, որի արդյունքները հանձնվեցին պատկան մարմիններին: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանեց շենքի սեփականատիրոջը, իսկ Մշակույթի նախարարությունը գրությամբ պահանջեց վերականգնել հուշարձանի նախկին տեսքը:

 

Բոլոր այս գործընթացները կանգ առան կիրարկման փուլում, երբ պետք է լիներ որևէ դատական վճիռ կամ իրավապահ մարմինները պետք է պարզապես մտնեին և դադարեցնեին ապօրինի շինարարությունը: Այո, այս փուլն ամենաբարդն է, քանի որ հեշտ չէ պատասխանատվության կանչել սեփականատեր-օլիգարխին, որը <երկրի նախագահի մոտ առաջին կռուգ ֆռացող տղա> է: Եվ այժմ էլ, ինչպես Մաշտոցի պուրակում էր, խնդրի լուծումը սպասում է մեզ, մեր վճռականությանն ու միասնականությանը: Մեր հաստատակամ լինելու պարագայում ամենևին չի բացառվում, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այցելի Ծածկած շուկա և այստեղ էլ իր գեղագիտական գնահատականը տա՝ նկատելով, որ, օրինակ, հուշարձանը սուպերմարկետ սարքելը <սիրուն չի>:

Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք մեր իրավական-քաղաքացիական պայքարը, որպեսզի <Կենտրոնական ծածկած շուկա> հանրապետական նշանակության հուշարձանին վերադարձվի իր նախկին ճարտարապետական տեսքը և զերծ ենք մնալու այլևայլ ենթամշակույթների քրեածին և խավարամիտ ներկայացուցիչների հետ բախումներից:

Բոլորին կոչ ենք անում մասնակից լինել այս խնդրի լուծմանը՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից, Շուկայի համար արած և չարած գործերից՝ պարզապես միանալով օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հզոր գործընթացին՝ որպես Երևանի իրավագիտակից քաղաքացիներ:

Հաղթանակը ՄԵԶԱՆՈՒՄ է !!!

 

Մեր քաղաքը ՀՔՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին