▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունաստանը Թուրքիայից պահանջում է հարգել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերաբերյալ բուռն արձագանք է ստացել Հունաստանում: Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ, այլ պարտություն էր, քանի որ Թուրքիան կորցրեց մինչ այդ իրեն պատկանող Էգեյան ծովի կղզիները, որոնք այժմ Հունաստանին են պատկանում:

Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայից պահանջելով հարգել 1923 թվականին կնքված պայմանագիրը: «Լոզանի պայմանագիրն ու ամբողջ միջազգային իրավունքը քաղաքակիրթ աշխարհի իրողություններն են, և որևէ մեկը, այդ թվում նաև Անկարան, չեն կարող դա ժխտել:

Բոլորը պետք է հարգեն այն, ինչքան էլ որ իրենց համար ցավալի լինի»,- նշված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանի խոսքերը դարձել են Հունաստանի լրատվամիջոցների գլխավոր թեման, մեկնաբանություններով ու հայտարարություններով հանդես են եկել գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Վերջիններս Էրդողանի հայտարարությունը որակել են վտանգավոր: Նրանց կարծիքով՝ այդ հայտարարությունը մի մասն է այն նախաձեռնությունների, որոնցով թուրքական իշխանություններն անընդհատ փորձում են հարցականի տակ դնել Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի գերիշխանությունը:

Հունական կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են, որ նման հայտարարություն անելու համար ընտրված ժամանակը պատահական չէ, քանի որ այն համընկավ Կիպրոսի բանակցությունների ակտիվ շրջանի և փախստականների հարցի լուծման ուղղված աշխատանքների հետ: Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին:

Այն պաշտոնապես ազդարարեց հույն-թուրքական պատերազմի ավարտը: Հստակեցվեց Թուրքիայի սահմանները Հունաստանի, Բուլղարիայի, Իրաքի հետ: Լոզանի պայմանագիրը առնչվում է նաև հայկական հարցին: Պայմանագրով կարգավորվում է Թուրքիայի և այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների փոխհարաբերությունները: Ըստ պայմանագրում առկա կետերի՝ Թուրքիայում բոլոր քաղաքացիները պաշտոնապես համարվում են թուրք, իսկ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները գրանցվում են որպես կրոնական փոքրամասնություն:

Պայամանագրով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին իրավունք է տրվում սեփական համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ բացել: Իսկ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է պաշտպանության տակ առնել կրոնական համայնքներին պատկանող աղոթատեղիները, սրբավայրերը ու կրոնական փոքրամասնություններին պատկանող այլ հաստատություններ:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին