«Դուք ասում եք, որ սա փոփոխություն է, և ոչ թե նոր Սահմանադրություն, իսկ մենք հակառակն ենք պնդում: Ի՞նչն է պատճառը, որ նոր Սահմանադրություն սա չեք համարում: Հետո, սա հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին՝ շարունակել իշխանությունը: Գործող Սահմանադրության պայմաններում նրա՝ 3-րդ անգամ նախագահ լինելու հնարավորությունը սահմանափակված էր: Հնարավո՞ր է նոր Սահմանադրության ընդունումից հետո թիվ 1 քաղաքական դեմքը դառնա Սերժ Սարգսյանը»,-ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
«Որպես կանոն՝ նոր Սահմանադրությունը ենթադրում է պետական կարգի արմատական փոփոխություն, իսկ պետական կարգի տակ ես չեմ հասկանում կառավարման համակարգը: Ինչ վերաբերում է նախագահին, ապա ես տեսականորեն չեմ կարող այդ հարցին պատասխանել: Նախագիծը չի գրվում որևէ անձի կամ ուժի համար»,-եղավ պատասխանը:
Վարդան Պողոսյանը հիշեցրեց նաև, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի լինելու ոչ ԱԺ, ոչ էլ՝ ՀՀ նախագահ:
«Սերժ Սարգսյանը 1 ամիս առաջ պաշտոնական հայտարարություն արեց հոսանքի սուբսիդավորման հետ կապված ու ողջ հանրապետությունը սպասում էր աուդիտի արդյունքներին: 1 ամիս չանցած՝ նախագահը հերքեց իրա ասածը և հիմա սուբսիդավորում է ուրիշ թիմ, ուրիշ քանակով: Այսինքն, «հորս արև»-ը չի աշխատում»,-նկատեց պատգամավորը:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասնագիտական հանձնաժողովը վարձատրվո՞ւմ է այս աշխատանքի համար, թե՞ վարձահատույց են լինելու հանրաքվեից հետո:
«Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ իր կատարած աշխատանքի համար վարձատրություն չի ստացել, Սահմանադրական հանձնաժողովոը Հանրապետության նախագահին կից խոհրդատվական մարմին է, աշխատել և աշխատում է հասարակական հիմունքներով, որևէ վարձատրություն չի ակնկալում»,-պատասխանեց Վարդան Պողոսյանը:
Անի Կարապետյան