a1plus.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին քննարկվել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումների արդյունքները, ներքին և արտաքին քաղաքական հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի այցը բավականին արդյունավետ եղավ: Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները տվեցին լուրջ արդյունքներ: Պարոն Զեմանը նշեց, որ ովքեր ժխտում են ցեղասպանությունը, վախկոտ են: Սա, անշուշտ, ազդակ է Թուրքիայի նախագահ Էրդողանին և նրա քաղաքական թիմին: Չեխիայի նախագահը՝ որպես ԵՄ անդամ երկրի ղեկավար, նշեց նաև, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն է և աշխարհը դա պետք է դատապարտի»,-նշեց պարոն Շարմազանովը:
Խոսելով Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Համաձայնագիրը հիմնականում քննադատում են նրանք, որոնց մեծ մասը ծանոթ չէ դրան, չի ընթերցել տեքստը: Շատերն անում են մեկնաբանություներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Գործիչը շեշտեց, որ Բելառուսն ու Ռուսաստանը կնքել են միասնական համաձայնագիր, իսկ մեր երկրի դեպքում միավորված համաձայնագիր է: Սա նշանակում է, որ երկու կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը:
Պարոն Շարմազանովը մանրամասնեց, որ համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված է, որ քանի որ մեր երկիրն ու ՌԴ-ն չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմաններում ունենում ենք առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն իրականացվելու է ՀՀ ԶՈՒ պաշտոնյայի կողմից: «Այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ կամ այլ կետադրական նշան չկա, որ դա կապված է Արցախի հետ: Այս համակարգը հնարավորություն է տալիս մեզ օգտվելու Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից»,-ընդգծեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում