▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավորություն եմ տալիս գզել իրար.Ուրիխանյանը՝աղմկահարույց դեպքի առիթով

Տեղեկացրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ աշխատակից Վարդիթեր Գիշյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է. «Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խնդրին՝ ասաց. «ՀՀ-ում և, առհասարակ, ամենուր, բոլոր հարցերն ու վեճերը, օրինազանցությունները պետք է ընթանան սև ու սպիտակի վրա գրված օրենսգրքերի դրույթներին համապատասխան: Կարծում եմ, որ հարցերը պետք է լուծվեն դատարանով՝ իրավական հարթության մեջ ու օրենքի համաձայն, ոչ թե թիկնազորով, բռունցքով, փողով, լծակով: Ես այն մարդը չեմ, ումից կարելի է շորթել, ում կենսագրության մեջ կարելի է փորձել պեղել ինչ-որ անհասկանալի, մութ կետեր, և այն մարդը չեմ, ում կարելի է դրանով լռեցնել, շանտաժի ենթարկել: Ուստի, առաջարկում եմ հետևել իրավապահների գործողություններին ու սպասել անաչառ դատավճռի»: Իսկ, թե ինչու է պատգամավորը բողոք ներկայացրել, բայց հրաժարվել ցուցմունքից, պատասխանեց. «Ես զերծ մնացի ցուցմունքներից, որպեսզի նրանք, ովքեր այս ամենը պատվիրել ու պատվիրում են, չշահարկեն, թե հանցագործն ունի մանկահասակ երեխա: Ցուցմունք չտվեցի նաև այն պարզ պատճառով, քանի որ ուզում եմ հուսալ՝ գլխավոր իրականացնողն ու մեխանիկական գործողությունն իրականցնողը մանր ձկներ են այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան: Զերծ եմ մնում և հնարավորություն եմ ստեղծում, որ ֆինանսավորողները, պատվեր տվողները գզեն իրար: Ես օգտակար կլինեմ քննությանը և հանդես կգամ ցուցմունքներով, երբ որ այդ ցուցմունքների անհրաժեշտությունն ուղղված կլինի ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ»:

 Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին