Իրաքահայ ջրաբան Վարանդ Հայկ Լաչինյանը ջրաբանություն (hydrology) է դասավանդել Իրաքի համալսարաններից մեկում, որից հետո Իրաքի կառավարության կողմից ուղարկվել է Ռուսաստան՝ ուսումը կատարելագործելու: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ուսումը շարունակող մասնագետն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ Իրաքի հաջորդ տագնապը, պատերազմից հետո, լինելու է ջրի տագնապը: «Նկատի ունենալով, որ Իրաք մտնող ջուրն անցնում է Թուրքիայով, Իրաքի մեծագույն մտահոգություններից մեկը Թուրքիայի կողմից ջրի ճանապարհի փակումն է, իսկ այդ մտահոգությունն առավել սրվել է հատկապես վերջերս՝ Սիրիայի և Իրաքի սահմանին տեղի ունեցող պատերազմական դեպքերից հետո: Իրաքը մեծ տերությունների միջև մոլորված է, թէ որ կողմը թեքվի, ում հետ ինչպիսի հարաբերություններ որդեգրի»,- ասաց նա, նշելով, որ ԱՄՆ-ը շատ մեծ դեր է խաղում այս ամեն ինչի մեջ՝ նպատակ ունենալով Իրաքում կրկին հզորացնել իր դիրքերը:
Ըստ Վարանդ Հայկ Լաչինյանի, Իրաքի ջրային ոլորտի մասնագետների մեծ մասը ինչպես նախկինում, այսօր էլ հայեր են, չնայած, հայկական համայնքը գնալով փոքրանում է:«Հազիվ 2000 հայ կա երկրում»,- ասում է նա: Ըստ մեր զրուցակցի, ռուս մասնագետներ են ներգրավվում Իրաքի ջրաբանության ոլորտում, քանի որ ջրային ապագա տագնապը գնալով ավելի տեսանելի է դառնում:
«Մոսուլի ջրամբարը, որը Իրաքի առաջին և ամենախոշոր ջրամբարն է, կառուցել են ռուսները՝ մոտ 60 տարի առաջ: Այսօր հայտնի չէ, թե ով է տնօրինում այն, «Իսլամական Պետությունն» ամեն գնով պայքարում է, որ կառավարությունը չվերցնի ջրամբարը: Կարևոր նշանակություն ունեցող այս ջրամբարը «լարված ռումբ» է դարձել. ԻՊ-ը հաճախ է սպառնում, որ այն պայթեցնելու կամ վտանգելու է: Եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա Բաղդատը ջրերի մեջ է հայտնվելու»,-նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Վարանդ Հայկ Լաչինյանի, Մոսուլի ջրամբարի կործանման վտանգը, անկախ ԻՊ-ի սպառնալիքներից, միշտ կա: «Եթե նույնիսկ ԻՊ-ը չվնասի այն, ջրամբարի ենթակառուցվածքներն այնքան վատ վիճակում են, որ ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ վտանգավոր: Նրա տակ ժայռային հատված է գտնվում: Ամերիկացիները 2006-ին հատուկ սուզանավեր էին ուղարկել՝ ստուգելու ջրամբարի վիճակը և հայտնել էին, որ փլուզման վտանգի տակ է և վերանորոգման կարիք կա, սակայն կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չի արել: «ԻՊ-ի կողմից այդ ջրամբարի ընտրությունը պատահական չէ. նա շատ լավ գիտի, թե որքան կարևոր է ջրամբարն Իրաքի համար և ինչ ծավալով ջուր և էլեկտրականություն է արտադրում»,- նշեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ եթե այս ջրամբարը փլուզվի, տեղի է ունենալու Միջին Արևելքի ամենախոշոր աղետը: