▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ նոր մանրամասներից չխոսեց, քանի հանդիպման վերաբերյալ Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում մանրամասներ արդեն իսկ ներկայացրել էր:

«Մինչև այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր, անկախ նրանից՝ ինձ դուր էր գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, դուրս չի գալիս, մենք համամիտ ենք, թե համամիտ չենք, մի բան փաստ է, որ այս ժամանակաշրջանում, պետության և հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ, և որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե նույն Շարմազանովը բազմիցս Լևոն Տեր-Պետրոսյանին համարել է քաղաքական թոշակառու և արդյոք նրա կարծիքը փոխվել է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Իմ կարծիքը կտրուկ փոխվեց կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, երևույթին եմ գնահատական տվել և նախկինում, և հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերվում: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, նրանք իմ երկրի նախագահներն են եղել և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և’ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, և’ նախագահի ինստիտուտը գոնե իմ կողմից մշտապես հարգանք եղել է, կա ու կմնա, ինչպես նաև իմ երկրի հոգևոր իշխանության նկատմամբ»:

Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Շարմազանովը հույս հայտնեց, որ մի օր Քոչարյանն էլ իր կարծիքը կփոխի:

«Տա Աստված, որ երկրորդ նախագահն էլ միանա իրենց, որովհետև այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձևավորելն է մեր հանրության մեջ: Ես արձագանքել եմ նաև հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, որ մի օր էլ ինքը կմտափոխվի և կմիանա համազգային միասնությանը, որովհետև այլ տարբերակ չկա: Մենք պետք է բոլորս լինենք միասնական: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց նա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին