«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այլեւս դժվար թե իրականություն դառնա Վիկտոր Դալլաքյանի կուսակցական նախագիծը, որն առաջին հերթին «կարվել» էր Սեյրան Օհանյանի հագով: Առաջին լուրջ ֆինանսական տրանշից հետո «աղբյուրը» ցամաքել է, իսկ նրանք, ովքեր կարող էին «մոտ գնալ» այդ կուսակցությանը, խստորեն զգուշացվել են:
Այս օրերին փորձ է արվում Սեյրան Օհանյանին ուղղորդել դեպի «Միասնական Արմենիա», որն Ամարասի Արթուրի` Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի պրոյեկտն է: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն ու Սեյրան Օհանյանը քավոր-սանիկ են, եւ Սեյրան Օհանյանի` Վահագնի թաղամասում կառուցվող տունը հեռու չէ Հովնանյան-Ալեքսանյանների տնից, իսկ Արթուր Ալեքսանյանը, որը համարվում է ղարաբաղյան «կլանի» ներկայացուցիչ եւ իր հայացքներով առավելաբար Ռոբերտ Քոչարյանին հարող անձ, ցանկանում է իր կառույցի ներքո համախմբել եւ «Գլոբալ հայեր» նախագիծը, եւ «Հոգեւոր Հայաստանը», եւ «Արդարություն Հայաստանում»-ը ու երկպալատանի խորհրդարան ստեղծել Հայաստանում:
Մեր հարցմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է նման իդեա-ֆիքսի իրականացումը մեզանում, մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ երկպալատ խորհրդարան ունենում են այն երկրները, որոնք ֆեդերալ կառուցվածք ունեն, եւ ապա` դրա համար անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե: Թեեւ «Միասնական Արմենիայի» անդամները ճշտել են, որ հանրաքվե պետք չէ՝ բավական է Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում