▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ Այսինքն՝ շատերին նվեր պայուսակը չի հասել։ Ծնողների պատմելով՝ քաղաքապետարանը այս տարի զգուշացրել է և որոշել է պայուսակ չնվիրել։ Արդյոք Երևանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահներին, թե ոչ։ Այս հարցին ի պատասխան Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասաց․ «Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետև մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները։ Չեմ կարծում, որ որևէ մեկն այդ պայուսակը չտար երեխաներին։ Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որևէ բողոք»։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր, երբ ծնողներն այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը։ Ստացվում էր, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախս է անում։ Ամեն դեպքում, սոցիալապես խոցելի ընտանիքները տարբեր ֆորմատներով օգտվում են քաղաքապետարանի աջակցությունից»,-ընդգծեց Հակոբ Կարապետյանը։ Հանրակրթության վարչության պետը օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ այս տարի հանվել է պայուսակներ ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսավորումը, դրա համար էլ ավագ խմբերի երեխաները պայուսակ չեն ստանալու»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ, կարծես թե, այլեւս չի լինում: Համենայնդեպս, նախկին ինտենսիվությունը նկատելի չէ: Եվ որքան էլ իշխանությունների կողմից բարձրաձայնվող ՍԴ-ի ճգնաժամի մասին խոսակցությունները դադարել են, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես թե, շարունակում են տեսնել ճգնաժամ Սահմանադրական դատարանում: Մասնավորապես, նախկին զինդատախազ եւ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է, թե այս պահին ՍԴ-ի շուրջ «զինադադար» է, եւ «պատերազմը» կարող է ամեն վայրկյան սկսել: Գագիկ Ջհանգիրյանի այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. ի՞նչ պատերազմի, հետեւաբար նաեւ ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Այնպիսի տպավորություն է, թե կենաց-մահու պայքար է այդ կառույցի համար: Եւ գլխավոր հարցը մնում է հետեւյալը. ո՞ւմ համար է այդքան կարեւոր Սահմանադրական դատարանում փոփոխութուններ անելը՝ Հայ ազգային կոնգրեսի՞, անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ ներկայիս բարձրագույն իշխանության: Համենայնդեպս, մինչեւ հիմա իշխանությունը համագործակցում է ՍԴ-ի հետ, եւ այդ կառույցն էլ մինչեւ Վահե Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնում ընտրվելը աշխատում էր, որոշումներ էր կայացնում: Բայց հիմա, կարծես թե, լարվածություն է հրահրվում այդ կառույցի շուրջ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել: «Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել: «Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները», – վստահեցրեց նախարարը»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2014 թվականի գաղտնի փաստաթղթերին վերաբերող հայտարարությունից հետո, եւ որոշները փորձում են ներկայիս իշխանություններին մեղադրել իրականությունից «կտրվելու» մեջ՝ այդպես սեփական մեղքերը չտեսնելու տալով: Եվ երեկ նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, կոչ էին անում հրապարակել դրանք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտել, թե ինչ տեղեկություններ ունի փաստաթղթի հետ կապված:

«Եթե նման հայտարարություն եղել է, միգուցե կասվի նաեւ, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը: Համենայնդեպս, փաստաթղթի տակ պետք է լինի ստորագրություն, չէ՞. եթե նման բան կա, այդ ամենից պարզ կլինի, թե ովքեր են կազմել», – նշեց նա՝ ասելով, թե առաջին անգամ է լսում այդպիսի փաստաթղթի գոյության մասին:

Նկատենք, որ ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել, դրա համար սադրում են»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։

Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին նեռամսյակի ցուցանիշները։

Ըստ կոմիտեի հրապարակած վիճ-ակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 յազաչ 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ։

Իսկ 2018-ի 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 մլն 34 հազար 500 մարդ, որից 926 հազար 200-ը՝ տղամարդ, 1 մլն 108 հազար 300-ը՝ կին։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացված մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելի։

Այս տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին։ Իսկ 2018-ին գրանցվել էր 237 հազար 600 գործազուրկ, որից 133 հազար 100-ը տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին