«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր երեք ուժերի համագործակցությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Մեկ գիշերվա քաղաքական ամուսնությամբ հանրությանը չեք խաբի»:
«ՉԻ» - Վահրամ Բաղդասարյանն, իհարկե, ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է խաբել հանրությանը, մանավանդ, որ այդ ընդդիմադիր երեք ուժերից երկուսը ժամանակին «քաղաքականապես ամուսնացած են եղել» ՀՀԿ-ի հետ, ընդ որում՝ ավելի տեւական ժամանակով:
Բայց խնդիրը դա չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցն այնպես է ներկայացնում, կարծես հանրությանը խաբել-չխաբելն էր պատճառը, որ ընդդիմության ավագանիներից 4-ը թաքուն քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին:
Հիմա «մի գիշերով» էին ամուսնացել, թե ավելի երկարաժամկետ՝ ի՞նչ նշանակություն ունի, կարեւորը՝ որ «զագսով-բանով» համաձայնագիրը ստորագրել էին: Թե՞ ՀՀԿ-ն խանդի տեսարաններ է սարքում, որովհետեւ լավ գիտի, որ այդ ուժերից մեկն իրականում ի'ր հետ է «ամուսնացած»: Կամ՝ առնվազն ժամանակ առ ժամանակ կատարում է ամուսնական պարտականությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում