Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։
Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վատ էր և «Այո»-ի և «Ոչ»- քարոզարշավը, և սահմանադրական հանրաքվեն:
«Նախագիծը լավը չէր, քարոզարշավը՝ նույնպես: Բայց, քանի որ անցել է, օրինակ կուսակցությունների մասին օրենքը պետք է անպայման համապատասխանեցվի նոր պահանջներին: Այսպես չպետք է լինի: Կա մրցակցության բացակայություն, ինչի հետևանքով հենց ՀՀԿ-ի ներսում տրոհում կլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:
Անի Կարապետյան