Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղ ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ ընտրությունները շատ նորմալ, քաղաքացիներն էլ ակտիվ են եղել:
«Օրինակ Էջմիածինը գեներալ Մանվելի տիրույթն է ու դժվար է այնտեղ արտաշնչել, գիտի չէ՞ այդ մասին ՀՀԿ-ն»,-պատգամավորին հարցրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Եթե այդպես լիներ՝ այլ թեկնածուներ չէին լինի»,-իր անհամաձայնությունն այսպես բացատրեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախօրեին իրավիճակը կտրուկ լարվել է: Սեպտեմբերի 16-ի գիշերը կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել:
Քննչական կոմիտեից էլ տեղեկանում ենք, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 18-ին մեկ անձ ձերբակալվել է։
Անի Կարապետյան