Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտպանը ՄԻՊ ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը սա քաղաքական պատվերի արդյունք չի համարում.
«Հրահանգ և այդպիսի որոշում մեր կուսակցությունում չի եղել, եթե լիներ՝ անպայման կիմանայի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Նույնը պնդեց նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Լեռնիկ Ալեքսանյանը:
Այլ կարծիքի է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը.
«Բնականաբար՝ ՀՀԿ-ից 1-2 անձի կպել ա, նրանք էլ հեղինակավոր են եղել ու կատարվել է սա: Ուրիշ բացատրություն չկա»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱԺ-ում ՄԻՊ-ի 2014թ-ի տարեկան ամփոփիչ զեկույցը ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների կողմից արժանացավ բուռն քննադատության և բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացավ:
Անի Կարապետյան