▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայից

 

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից: IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: Նամակում մասնավորապես նշված է.

«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:

Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»:

Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ իրենք եւս ինֆորմացիա են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Նամակում նշված է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը քննարկումներ կկատարի եւ սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:

Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում:

Արեգ Հովհաննիսյանի կարծիքով՝ ֆեդերացիաներին կպատժեն ըստ դոպինգ թեստերի դրական արդյունքների քանակի եւ վերջին տարիներին մարզիկների պահվածքի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին