Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաև անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում:
Այսուհետև յուրաքանչյուր քաղաքացի armsearch.info համակարգի շնորհիվ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որևէ մեկը և սեղմի «OK» կոճակը:
Ըստ համակարգի` իրենց տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է 2012 թվականի դրությամբ:
Նշենք, որ բնակիչների մոտ սա տարակուսանք է առաջացրել. շատերը վստահ են, որ այս ձևով խախտվում է գաղտնիության իրավունքը:
Նշենք, որ այս պահի դրությամբ կայքն անհասանելի է, իսկ Խնդրի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են օգտագործել: Խնդիրն այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է` պտտվում են տարբեր ձևերով` վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձևով և այլն:
«Բնականաբար, օրենքի խախտում է` ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- ասել է նա: