Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի առաջատար Ռայան Բոթրայթը հեռացվել է ազգային հավաքականից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը եւ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը: Նրանք նշեցին, որ Ստամբուլի «Բեշիկթաշի» խաղացողի վերաբերյալ նման որոշում են կայացրել, քանի որ ոչ պատշաճ վերաբերմունք ունի հավաքականի նկատմամբ:
«Կան բաներ, որոնք մենք՝ ֆեդերացիան եւ ես որպես մարզիչ, չենք կարող կուլ տալ: Սա անհատական սպորտ չէ, թիմային է, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին: Թեեւ բասկետբոլային փոքր երկիր ենք, բայց 1-ին բանը, որ պետք է անենք, բասկետբոլի ազգային հավաքականի շահերը պաշտպանելն է, եւ չենք կարող որեւէ մեկին թույլ տալ ինչ-որ բան վեր դասել ազգային հավաքականի շահերից»,- ասաց Բավցեւիչը:
Բոթրայթի հեռացումը նշանակում է, որ ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի եւ Դանիայի դեմ հանդիպումներում հանդես կգա առանց ընդգծված առաջատարի: Բավցեւիչը վստահ է, որ թիմի մյուս անդամները կկարողանան լրացնել բացը:
«Այո՛, Բոթրայթը շատ կարեւոր խաղացող է, բայց նա ամենակարեւորը չէ, ամենակարեւորը թիմն է, եւ մենք կփորձենք այնպես անել, որ թիմը չզգա նրա բացակայությունը»,- ասաց մասնագետը:
Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի շանսերին, ապա մարզիչը փորձում է իրատես լինել: Գիտակցում է, որ առկա խնդիրներով եւ նորաստեղծ հավաքականով լուրջ հաջողությունների մասին մտածելը դեռ վաղ է: Ժամանակ է պետք:
«Այս իրավիճակում մեր շանսերը, իհարկե, ցածր են: Ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում, եւ ես էլ խաղացողներիս վրա ճնշում չեմ գործադրում: Միակ ճնշումն այն է, որ մենք անենք մեր առավելագույնը: Մենք կազմավորման փուլում ենք, 2 տարի առաջ այս թիմը չկար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վստահ է, որ եթե իրենց հնարավորությունների սահմաններում լավագույնն անեն, երկրպագուները գոհ կլինեն:
Ընտրական փուլի հանդիպումների մասին խոսեց նաեւ թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը: Նա, ինչպես մարզիչը, վստահ է, որ առանց Բոթրայթի խաղալը չի ազդի թիմի վրա: Բացի Բոթրայթից կան նաեւ այլ բացականեր. ոմանք վնասվածքներ ունեն, ոմանք էլ հանդիպումներ իրենց ակումբների կազմերում, սակայն Ամիրխանովն ընդգծում է, որ սա նորեկները կօգտագործեն որպես իրենց դրսեւորելու հնարավորություն:
«Մեզ միացել է 8 երիտասարդ խաղացող: Ինչպես ասացին, Բոթրայթը չի խաղա, Լուկաս Ֆիշերն էլ մատն է կոտրել: Այս պահին թիմը խաղում է նույն կոմբինացիայով, նոր բաներ չենք մտածել, պատրաստվել ենք, լավ մարզավիճակում ենք եւ հոգեպես էլ լավ վիճակում ենք: Կարծում ենք՝ եթե համախմբվենք, Ալբանիային հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք: Յուրաքանչյուր երիտասարդ խաղացող ցանկանում է ապացուցել, որ կարող է խաղալ ու փոխարինել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Բոթրայթն ու Ֆիշերը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկա հանդիպումներին դրական է տրամադրված:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին նախապատրաստվում է նոյեմբերի 18-ից: Նոյեմբերի 23-ին հյուրընկալվելու է Ալբանիայի, իսկ 26-ին ընդունելու է՝ Դանիային: