Երբ «հանուն համամարդկային բարեկեցության» կարգախոսով գերտերությունները դադարում են հետևել համաշխարհային կարգը հաստատող պայմանագրերին, ապա, ըստ էության, կանգնում են ժողովուրդներին խաբելու ուղու վրա։ Նման դեպքերում, համաշխարհային քաղաքականության ոլորտում տարատեսակ սրիկաների պահանջարկ է առաջանում, որոնց միջոցով հնարավոր է դառնում օրինականացնել այդ խաբեությունը քաղաքացիական հանրություն չձևավորած երկրներում։ Մենք ականտես եղանք, թե ինչպես հետխորհրդային տարածքում, գործնականում, պետական իշխանությունը համատարած հայտնվեց ցածր բարոյական որակ ունեցող մարդկանց ձեռքերում։ Այսպիսով, գերտերությունների և միջազգային կառույցների աջակցությամբ նորանկախ որոշ պետություններում հաստատվեցին հանցավոր վարչախմբեր, որոնց եսասիրական գործունեությունը զրկեց ժողովրդներին զարգացման հնարավորությունից և վտանգեց նրանց ֆիզիկական գոյությունը։
Չնայած, որ Հայաստանի քաղաքացիները ծնվում են ազատ և հավասար իրավունքներով, բայց երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ համակարգը հարկադրում է ամեն մի երրորդ քաղաքացուն ապրել մշտական աղքատության մեջ։ Եթե հիմք ընդունենք պետական պաշտոնական թվերը, ապա ավելի քան 1 միլիոն հայ իր հայրենիքում ապրում է բացարձակապես զրկված լինելով արժանապատիվ գոյության, սեփական իրավունքների պաշտպանության եւ կենսական կարևոր շահերի իրականացման համար անհրաժեշտ միջոցներից։ «Բարին կամեցողները» առաջարկում են հանրությանը համբերել, մինչեւ իշխանության լծակներին տիրողները կհագեցնեն իրենց անձնական հարստացման պահանջարկը և ինքնուրույն կվերականգնեն օրենքն ու սոցիալական արդարությունը։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ հակված են համբերել քաղաքական ռեժիմի արատներն այնքան ժամանակ, քանի դեռ նոր պետական կարգ հաստատելու անհնրաժեշտությունը դառնում է միակ միջոցը ազգային անվտանգությունը եւ հետագա զարգացումը ապահովելու համար։ Եթե իշխող ուժերը իրենց բոլոր գործողություններով զրկում են հանրությանը անվտանգության եւ բարեկեցության հույսից, մարդիկ ունեն միջազգայնորեն ճանաչված իրավունք միավորվել այդ անարդար դրությունը վերացնելու համար։
Երբ հանրությունն իր քաղաքական կյանքում չի կարողանում հասնել ծայրահեղ անհրաժեշտ փոփոխությունների իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրության միջոցով, ապա մարդիկ իրենց հիմնարար իրավունքների համար ստիպված են որոնել պայքարի այլ մեթոդներ։ Սահմանադրական հեղափոխությունը ժողովրդի կողմից ազգային պետության նոր սահմանադրական հիմունքների հաստատումն է իր ուղիղ իշխանության դրսեւորմամբ՝ գործող հանցավոր վարչախմբին քաղաքացիական անհնազանդություն արտահայտելու միջոցով։ Ժողովուրդը իրավունք ունի որոշում կայացնել սահմանադրական հռչակագրի հաստատման մասին, իսկ քաղաքացիական շարժումը իր կազմակերպված, ոչ բռնի գործողություններով կարող է ստիպել գոյություն ունեցող ներկայացուցչական իշխանության մարմիններին ճանաչել ընդունված որոշումների օրինականությունը։ Հեղափոխության շարժիչ ուժն է հանդիսանում ժողովրդի գիտակցված իրավունքը, որ ինքն է կառավարելու իր քաղաքական ճակատագիրն ու ազգային հարստությունը։ Հեղափոխության գաղափարական հիմքն է հանդիսանում հանրության հոգևոր և մտավոր ուժերի մոբիլիզացումը երկրի քաղաքական կյանքում կենսականորեն կարևոր և հանրության կողմից անվիճելի բարոյական արժեքների հաստատման համար, որոնք ոտնահարված են քրեական օլիգարխիայի կողմից։ Այդ պատճառով, Հայաստանում հեղափոխության հիմնական փուլերն են հանդիսանում. հանրության կողմից այն արժեքների ճանաչումը, որոնք պետք է հիմք հանդիսանան ազգային պետության արտաքին և ներքին գործերում, լայնամասշտաբ քաղաքացիական շարժում հանուն քաղաքական կյանքում այդ արժեքների ներդրման, իշխանության լծակներից քրեական օլիգարխիայի հեռացումը, ազատ ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորումը։
Հայաստանում հեղափոխության գլխավոր նպատակն է վերացնել գոյություն ունեցող քաղաքական համակարգը, որը փորձում է միաժամանակ ստանալ անվտանգության ծառայություններ Ռուսաստանից, իսկ տնտեսական զարգացման ծառայություններ՝ արեւմուտքից։ Այսօր մենք տեսնում ենք համակարգի փլուզումը եւ տարածաշրջանում նոր պատերազմի նախանշանները։ Գեոպոլիտիկ կողմնորոշման հարցը կվերանա, եթե հայ ժողովուրդը իր անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերը որոշի հիմնվելով իր սեփական ուժերի վրա։ Նման իրադրությունը կարող է հասանելի դառնալ միայն պետական իշխանությունից քրեական օլիգարխիայի մեկուսացման ճանապարհով։ Այսօր տարածաշրջանում խաղաղություն պահպանելու եւ երկրի տնտեսական զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ է.
առաջին – ազգային պետության մեջ նոր քաղաքական կարգի հաստատումը, որի հիմքն է օրենքի առաջ բոլորի հավասարությունը, ըստ որում․ յուրաքանչյուրին երաշխավորվում է իր անվտանգությունը, արժանապատիվ գոյության հնարավորությունը եւ անձի զարգացումը,
երկրորդ – երկրում նոր տնտեսական կարգի հաստատումը, որի հիմքն է բոլորին հավասար հնարավորություններ ընձեռնումը, ըստ որում. յուրաքանչյուրին երաշխավորվում է ազգային եկամտի ստեղծման իր մասնակցությունը և իր մասնաբաժնի արդարացի տիրապետումը անձնական ներդրմանը համապատասխան,
երրորդ – տարածաշրջանում նոր միջազգային կարգի հաստատումը, որի հիմքն է բոլոր ազգերի հիմնարար իրավունքների հարգանքը, ըստ որում՝ յուրաքանչյուրին կերաշխավորվի պաշտպանությունը խտրականությունից և խաթարված իրավունքների վերականգնման հնարավորությունը։
Սահմանադրական հեղափոխության առջև դրված նպատակների իրականացման համար քաղաքացիական շարժումը Հայաստանում պետք է լուծի հետևյալ խնդիրները.
- քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ բաց քննարկումների ճանապարհով ձեւակերպել սահմանադրական հռչակագիրը,
- կազմակերպել ժողովրդի կողմից սահմանադրական հռչակագրի հաստատումը քաղաքացիների ազատ կամարտահայտման միջոցով,
- սահմանադրական հռչակագրում հաստատված մանդատի հիմքի վրա ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որը պատասխանատու կլինի սահմանադրական հռչակագրի դրույթների իրականացման համար,
- գերտերություններից պահանջել ճանաչել Ազգային Անցումային Խորհուրդի լիազորությունները,
- ԵԱՀԿ անդամ պետություններից ստանալ իրենց կոլեկտիվ պատասխանատվության հաստատումը անցումային շրջանում Հայաստանի անվտանգության եւ մարդու հիմնարար իրավունքների պահպանման համար,
- վերջնագիր ներկայացնել իշխող և ընդդիմադիր պառլամենտական կուսակցություններին, պահանջելով, որ նրանք ճանաչեն ժողովրդի կողմից հաստատված սահմանադրական հռչակագրի օրինականությունը,
- հայտարարել քաղաքացիական անհնազանդություն՝ քաղաքացիական շարժման ուժերի կողմից իրականացնել մայրաքաղաքի, Սերժ Սարգսյանի նստավայրի եւ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցիչների տրանսպորտային շրջափակում,
- հանրության բոլոր ուժերի կենտրոնացման միջոցով այնպիսի քաղաքական պայմաններ ստեղծել, որոնք կապահովեն քրեական ռեժիմի ոստիկանական ուժերի ժողովրդի կողմ անցումը,
- ապահովել խաղաղ ճանապարհով պետական իշխանությունը Ազգային Անցումային Խորհրդին փոխանցելու գործընթացը,
- պահպանել վերահսկողությունը Ազգային Անցումային Խորհրդի գործունեության վրա, մինչեւ երկրում ազատ ընտրությունների անցկացումը եւ իշխանության լեգիտիմ մարմինների ձեւավորումը:
Նշված խնդիրների լուծման համար քաղաքացիական շարժման միջուկը պետք է հենվի քաղաքացիների միության վրա, որոնք պատրաստ են իրենց կյանքի գնով, ունեցվածքով և անբասիր համբավով աջակցել Հայաստանում ազգային պետության նոր սահմանադրական հիմքերի հաստատմանը։
Քաղաքացիական շարժումների աճը ամբողջ աշխարհով վկայում է, որ եկել է այն ժամանակը, երբ ժողովուրդները այլևս չեն հանդուրժում կեղծիքի պայմաններում ապրելը։ Պատմության շարժիչ ուժն այսօր հանդիսանում են մարդիկ, որոնք ունակ են նույն էներգիայով պաշտպանել հանցագործ ռեժիմից քաղաքացիական իրավունքները, լինի դա փոքր հանրային պուրակի կամ ամբողջ ազգի անվտանգությանը վերաբերվող խնդիր։
Անդրիաս Ղուկասյան
18 հուլիսի, 2013 թվական
Հեղափոխությունը Հայաստանում. նպատակներն ու խնդիրները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet