▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխական նշանակում ՊՆ-ում. Ո՞վ է նորանշանակ փոխնախարարը

Սերժ Սարգսյանի՝ հունիսի 2-ի հրամանագրով «Այբ»-ի համահիմնադիր,  «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
 
Այս լուրին հատկապես ոգևորությամբ են արձագանքել «Այբ» կրթական հիմնադրամում, որտեղ նշում են, որ  Դավիթ Փախչանյանը մեծ փորձ ունի համակարգեր կառուցելու և ներդնելու գործում: Նա «Այբ» համայնքի ամենախոշոր բարերարներից է, ահռելի ներդրում ունի Հայաստանի կրթության ոլորտի զարգացման մեջ։ Միայն վերջին մի քանի տարիներին նրա իրականացրած ներդրումները հայկական կրթական ոլորտում հատում են 1 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը։
 
«Դավիթ Փախչանյանը այն եզակի մարդկանցից է, ով իր բիզնես նախագծերի ամբողջ եկամուտը նվիրում է բարեգործությանը և ում ներդրումների շնորհիվ Հայաստանում իրականացվում են հեղափոխական բարեփոխումներ։ Բացի «Այբ»-ից՝ նա նաև ներգրավված է մի շարք այլ բարեգործական և հասարակական նախաձեռնություններում»,-նշում են  «Այբ» կրթական հիմնադրամում։
 
 
Կենսագրություն
Ծնվել է 1970 թ. նոյեմբերի 6-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ») ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը։ 2008-2010 թթ․ սովորել է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում, ստացել ընդհանուր և ռազմավարական կառավարման մագիստրոսի աստիճան։
1996 թ. համահիմնադրել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերությունը։
2006 թ. համահիմնադրել է «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամը:
2006 թ. մի խումբ ընկերների հետ միասին հիմնել է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը։
2006-2008 թթ. և 2011-2013 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2008 թ. Դավիթ և Արամ Փախչանյանների հովանավորությամբ «Այբ» հիմնադրամը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում ստեղծել է ֆիզիկայի և քիմիայի արդիական երկու լաբորատորիա՝ «ԱյբԼաբ»:
2008 – 2010 թթ. եղել է «Այբ» ակումբի վարչության անդամ։
2011 թ.-ից եղել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2013 թ․-ից եղել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2014 թ․ համահիմնադրել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի անդամ է։
2014 թ․ հունվարից «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
2015 թ. մայիսից «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Ամուսնացած է, ունի 1 աղջիկ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին