▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո ի՞նչ է լինելու…

Վերջապես իրազեկվեցինք, որ «հրաշալի քառյակը» Տիգրան Սարգսյանի կառավարության անվստահության հարցը բարձրացնելու է ապրիլի 28–ին։
Այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե խորհրդարանական ընդդիմությունը չի գիտակցում աքսիոմատիկ այն ճշմարտությունը, քաղաքագիտական կանոնը, որ կառավարության կազմը, քաղաքականությունն որոշում է խորհրդարանական մեծամասնությունը։
Ըստ այդմ, եթե նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ արվի, հանրապետական խորհրդարանական մեծամասնությունը ձևավորելու է իր նոր կառավարությունը՝ մեծ հաշվով անփոփոխ թողնելով վարվող քաղաքակյնությունը(նույն կենսաթոշակային բարեփոխումն եռանդով պաշտպանում է նաև հանրապետության նախագահը)։
Բայց հենց այստեղ է, որ «բայց» կա։
Եթե ՀԱԿ–ն արդեն հայտարարել է, որ նոր կառավարությանը մասնակից լինել չի պատրաստվում, ինչն ենթադրելի է նաև ամբողջական իշխանափոխություն դնող «Ժառանգության» պարագայում, ապա ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն ստաժ ունեն ու նրանց վերաբերմունքը վարվող քաղաքականությանը կարող է փոխվել կամ մասնակցությունը կաբինետին գուցե հնարավոր դառնա, եթե նույն հանրապետական մեծամասնության ձևավորած կառավարությունը ղեկավարի այլ մարդ, դիցուք՝ Հովիկ Աբրահամյանը։
Սա, այսպես կոչված, դավադիր տեսության ժանրից։
Հիմա ընդունենք, որ քաղաքական չորս ուժերից որևէ մեկը ստվերային պայմանավորվածության չի գնում ու իսկապես ուզում է կառավարության և վարվող քաղաքականության վերանայում։
Այդ դեպքում՝ քառյակը, Տիգրան Սարգսյանի կաբինետի հրաժարականի հարցին զուգահեռ, պետք է պատրաստ լինի.
–ակտիվ փողոցային պայքարի, որովհետև միայն դրա շնորհիվ է հնարավոր հասնել իշխանության ռեսուրսի ապակենտրոնացմանը ու կաբինետի հրաժարականին,
–մանդատները վայր դնելու միջոցով՝ խորհրդարանական ճգնաժամի հարուցմանն ու խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը, որովհետև այսօրվա մեծամասնությունն այլ որակի կառավարություն ձևավորել չի կարող,
–նախագահի անվստահության գործընթացի հարուցմանը, որովհետև Տիգրան Սարգսյանի կառավարության իրական հովանավորն ոչ թե խորհրդարանական անդեմ մեծամասնությունն է, այլ՝ Սերժ Սարգսյանը,
–քառյակի ստվերային կա'ավարության կազմի ու ծրագրի հրապարակումը, որպեսզի հասարակության համար այլընտրանքը տեսանելի լինի։
Քառյակը կարո՞ղ է անել այս քայլերը։
Դատեք ինքներդ։
Ես կասկածում եմ, որովհետև փոփոխության արմատական ծրագրի կրող կարող է լիել միայն որակական ավելի բարձր հարթության մեջ գտնվող բևեռը։
Ինձ համար՝ ակնհայտ է, օրինակ, ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցությունների քանակական տարբերությունը, որակականի ջրբաժանը տեսանելի չէ։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին