Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Տիրան Խաչատրյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն իրականացրած գործողությունների համար, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Տիրան Խաչատրյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում և պարգեւատրվել Հայրենիքի շքանշանով` Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։
Հետաքրքիր է իմանալ, թե այդ քրեական վարույթի շրջանակներում ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը և ինչու՞ է մինչ այժմ գտնվում ազատության մեջ»։
***
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին շնորհում է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Այսօր Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։
Եթե ընդունենք, որ Տիրան Խաչատրյանը մեղավոր է, ապա ստացվում է, որ Փաշինյանը նրան պարգևատրել է այն բանի համար, որ նա իր գործողություններով նպաստել է, որպեսզի թշնամին ստանա լուրջ առավելություն մեր ստորաբաժանումների նկատմամբ, ինչը և հանգեցրել է նրան, որ թշնամին կարողացել է ճեղքել մեր պաշտպանական բնագիծը, հեշտությամբ տիրացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի և գրավել է մի շարք տարածքներ։
Այսինքն, եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»։