▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետ տուր 400.000 դրամս կամ մի քթի վիրահատության պատմություն

2013 թվականին ներկայումս մոսկվայաբնակ 29-ամյա Սուրենը (ազգանունը խնդրել է չնշել) քիթը վիրահատելու ցանկություն ուներ: Նրա խոսքով` շնչառական որևէ խնդիր չուներ, պարզապես ցանկանում էր վիրահատության միջոցով ստանալ քթի իր ուզած նոր ձևը, ինչպես նաև լուծել միջնապատի խնդիրը:

Արդեն 2013 թ-ի նոյեմբերի 11-ին Սուրենը ցանկությունն իրագործելու որոշում կայացրեց, իսկ այդ պատասխանատու գործի համար ընտրեց «Ավանգարդ» բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Ստամբոլցյանին:

«Ընտրությունս կանգ էր առել հենց այդ բժշկական կենտրոնի վրա, որովհետև  նախ գովազդն էի տեսել ֆեյսբուքով, ապա նաև բժիշկն էր հավատ ներշնչում: Ի վերջո,  վիրահատվեցի, մեկ շաբաթ անց էլ, երբ հանում էին հետվիրահատական բամբակը (тампоны), նոր քիթս տեսնելու ցանկություն հայտնեցի, սակայն բժիշկն այդպես էլ չթույլատրեց`ասելով, որ քիթս դեռ այտուցված է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Սուրենը:

Սակայն օրեր անց Սուրենի խոսքով, երբ արդեն իր քիթը գնահատելու հնարավորություն ուներ, ամենևին չտեսավ այն, ինչի մասին այդքան երազում էր.

«Մեկ ամիս էր անցել, սակայն քթիս ձևն ինձ այդպես էլ չէր գոհացնում, որովհետև զգում էի, որ այն շարունակում էր ծուռ մնալ: Երբ դիմեցի  բժշկիս, նա ինձ ասաց, որ քիթս դեռ այտուցված է, որից հետո էլ մեկնեցի Մոսկվա»:

Արդեն Մոսկվայում ամիսներ անց Սուրենը շարունակում էր դժգոհել  քթի արտաքին տեսքից, սակայն խնդիրներն այդքանով չէին ավարտվում, քանի որ Սուրենի խոսքով` վիահատությունից  հետո մինչ օրս չի կարողանում նորմալ շնչել: Ըստ Սուրենի, երբ Մոսկվայից կապ է հաստատել վիրահատող պլաստիկ վիրաբույժի բժշկի հետ, լսեր էր հետևյալը.

«Տնաշեն, չես էլ ալարում Մոսկվայից զանգո՞ւմ ես»: Բժշկի վերաբերմունքից վիրավորված Սուրենը խնդիրը լուծելու նպատակով Մոսկվայից  գալիս է Երևան, սակայն ըստ նրա`Հովհաննես Ստամբոլցյանին տեսնելու համար բավական ժամանակ է պահանջվում: Ի վերջո, մեկ այլ անվան փոխարեն հերթագրվում և հանդիպում է պլաստիկ վիրաբույժին: Սակայն երկար սպասված հանդիպումն ամենևին էլ չի գոհացնում Սուրենին, քանի որ իր կարծիքով բժիշկն իրեն չի ընդունում ըստ  հավուր  պատշաճի.

«Նախ բժիշկը զարմացավ, թե ինչու իրեն տեղյակ չեմ պահել, որ  հերթագրվել եմ, ապա գանգատներս լսելուց հետո, ուսումնասիրեց քիթս և ասաց, որ կռճիկը  ծուռ է: Ես նրան անմիջապես ասացի, այդ դեպքում ինչո՞ւ խնդիրը չէր լուծել վիրահատության ժամանակ, պատասխանեց, որ նախապես զգուշացրել էր, որ կարող է քիթս որոշակի ծռություն ունենա, սակայն  եթե այդպես լիներ, ես ի սկզբանե գուցե  և չգնայի այդ  քայլին: Իսկ երբ նրան հարցրեցի, արդյո՞ք  իր բոլոր հիվանդներին է այդպես պատասխանում, բժիշկն արդեն կոպտորեն ասաց, որ ես չպետք է ասեմ, թե նա ինչ պատասխան տա իր հիվանդներին: Ի վերջո, առաջարկեց, որպես խնդրի լուծում էլ պատռվածքներ անել քթի ներսում, սակայն այդ որոշումն ինձ չգոհացրեց և ևս մեկ անգամ դիմելով նրան` ասացի, որ ինչպես կարող է  իր հիվանդին  այսպես վերաբերվել, չէ՞ որ տվել է Հիպոկրատի երդում, ինչին ի պատասխան էլ լսեցի, որ պետք չէ գրուզիտ (грузить) անեմ Հիպոկրատով, ավելին` երբ ասացի, որ գումարս եմ պահանջում, դռան կողմը ցույց տվեց»:

Նշենք, որ Սուրենը բուն վիրահատության համար վճարել է 400. 000, ինչպես նաև մոտ 60. 000 դրամ էլ հետազոտության համար: Ներկայումս ցանկանում է կրկին վիրահատվել, որպեսզի, ինչպես ինքն է պնդում, կարողանա նորմալ շնչել և ունենա իր ուզած քթի ձևը: Տվյալ խնդրով Սուրենն արդեն  դիմել է  ՀՀ առողջապահության նախարարություն, անկախ նրանց պատասխանից պատրաստ է մինչև վերջ պայքարել:

Asekose.am-ի թղթակիցը  կապ հաստատեց նաև վիրահատող  պլաստիկ վիրաբույժի` Հովհաննես Ստամբոլցյանի հետ: Վերջինիս խոսքով` Սուրենը պատմությունը ներկայացրել է բավական սուր ձևով.

«Ես իր  հետ կոպիտ չեմ խոսել, իսկ դռան կողմն էլ ցույց  եմ տվել այն ժամանակ, երբ Սուրենն արդեն չափն անցնում էր, թեև չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչու եմ այդպես նշում: Տնաշենի վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ չեմ կարծում, որ դա տղամարդու համար այդքան վիրավորական բառ կարող է լինել, թեև չեմ էլ հիշում արդյո՞ք տվյալ բառն օգտագործել եմ,  թե՞ ոչ»:

Ապա նաև բժիշկն ավելացրեց, որ Սուրենի քթի արտաքին տեսքին առնչվող որևէ խնդիր չի տեսնում, ինչ վերաբերում է շնչառությանը, ապա  ինքն առաջարկել էր  խնդրի համապատասխան լուծում, սակայն Սուրենը հրաժարվել է`ասելով, որ չի ցանկանում, որ ինքը որևէ  առնչություն ունենա իր քթի հետ:

Իսկ այն հարցին արդյո՞ք  պատրաստվում է  վերադարձնել Սուրենի պահանջած  400. 000 դրամը,  Հովհաննես Ստամբոլցյանը պատասխանեց.

«Իհարկե, այդ տարբերակը հավանական չեմ համարում: Ինքն ասում է, որ  իր քիթը ծուռ է, սակայն ես իրեն զգուշացրել է, որ ծուռ քթերի դեպքում, այդ որոշակի ծռությունը կարող է հետագայում վիրահատությունից  հետո վերականգնվել, (ի դեպ, բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ դա զգուշացնում են), ինչ վերաբերում է  շնչառական խնդիրներին, ապա  դա սուբյեկտիվ է, քանի որ պետք է նախ չափվի գործիքային եղանակով, նոր լուծումը տրվի, ինչին Սուրենը դեմ է»:

Ամփոփելով զրույցը` Asekose.am-ի թղթակիցը  փորձեց պարզել համապատասխանում է իրականությանն այն, որ  Սուրենին ասել է`«գրուզիտ (грузить) ես անում քո Հիպոկրատով», ինչը Հովհաննես Ստամբոլցյանը  հերքեց:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին