Hermès-ի գեղարվեստական ղեկավար Պիեռ -Ալեքսիս Դյուման, սեպտեմբերի 1-ին, ներկայացրել է Hermès-ի բացառիկ ՝ հայկական այբուբենի թեմայով մետաքսե շալը:
«Երևանի տառերը» անվանումը կրող շալը Hermès-ը նվիրել է Ֆրանս-հայկական բողոքական բարեգործական ընկերակցությանը (association Protestant-France-Armenia Solidarity (SFPA))՝ 25-ամյակի առիթով:
Սահմանափակ խմբաքանակով բացառիկ այս արտադրանքի վաճառքից գոյացած ողջ հասույթը նպատակաուղղված է լինելու SFPA-ի մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմանը:
Ինչպես Փարիզից ASEKOSE.am-ին հաղորդում է անկախ թղթակից Ժան Էքյանը, SFPA-ի նախագահ Յանիկ Մանիսյանը շնորհակալություն է հայտնել Hermès-ին և դիզայներ Կարեն Պետրոսյանին՝ այս յուրահատուկ նվերի համար, որն օգնելու է իրենց հրատապ հումանիտար ծրագրերի իրականացմանը:
Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Եպիսկոպոս Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, «Elle» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը և այլք:
SFPA-ն հիմնադրվել է 1990 թվականին` 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո: