▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիները խոստովանում են, որ վախենում և խուսափում են մեր հարցերից

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցներն են «Փոփ Արտ» հաղորդման հաղորդավարուհիներ Սաթենիկ Խաչատրյանն ու Անահիտ Հարությունյանը, ովքեր  պատմել են հայկական հեռուստաեթերում իր ձևաչափով միակ՝ «Փոփ Արտ» հաղորդման մասին, որին հայտնիները երբեմն «վախենում» են անգամ հյուրընկալվել, քանի որ հաղորդման ընթացքում մեղմ ժպիտով հնչում են հարցեր, որոնց պատասխանները հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները խնամքով թաքցնում են:

-Ի՞նչ սկզբունքով եք հյուրերին ընտրում՝ ելնելով նրանց հետաքրքրության աստիճանից, թե տվյալ ժամանակահատվածի ընթացքում նրանց պահանջարկից, քանի որ միշտ չէ, երբ քննարկում եք նրանց հետ կապված միայն թարմ իրադարձությունները:

-Մեր տաղավարում կարող են հյուրընկալվել ինչպես տվյալ ժամանակահատվածի ամենահայտնի և պահանջված արտիստները, այնպես էլ 90-ականների` մարդկանց կողմից մոռացված դեմքերը (եթե կարելի է այսպես ասել), ովքեր այսօր էլ ստեղծագործում են, բայց չեն վայելում նախկին մասսայականությունը: Հյուրերի ընտրության հարցում որևէ նախապայման չունենք, առավել ևս, որ հայկական շոու բիզնեսն իր փոքրության պատճառով մեզ ընտրության լայն հնարավորություն չի ընձեռում: Հավելենք, որ «Փոփ  Արտ»-ի տաղավարում հյուրընկալում ենք նաև հայտնի հեռուստադեմքերի:

-Թեժ զրույցների ընթացքում լրագրողական էթիկայի պահպանումը ինչպե՞ս է ստացվում, լինո՞ւմ են դեպքեր, երբ հասկանում եք, որ չափն անցել եք:

-Հարցազրույցին նախապատրաստվելիս ծանոթանում ենք տվյալ հյուրի ստեղծագործական ողջ գործունեությանը, ուսումնասիրում` բոլոր հնարավոր հարցազրույցները, ինչպես նաև ուշադրություն դարձնում համացանցային օգտատերերի մեկնաբանություններին: Մեր զրույցները, որպես կանոն, լարված և թեժ են լինում, սակայն կարող  ենք փաստել, որ չափը չենք անցնում, որովհետև հյուրերին հարցեր հղելիս նախ չենք վիրավորում, այլ պարզապես  ներկայացնում ենք, թե վերջիններիս վերաբերյալ ինչ բամբասանքներ, «առասպելներ» են հյուսվում, խոսում ենք այն թեմաներից, որոնց վերաբերյալ նախկինում երբևէ հստակ պատասխան չի տրվել: Ամենակարևորը, մեր հարցերն անձնավորված չեն. ինչ-որ առումով մենք կամուրջ ենք տվյալ հյուրի և նրա երկրպագուների, ինչու չէ, նաև նրան չհամակրողների համար:

-Հաղորդումներից հետո երբեմն տպավորություն է ստեղծվում, թե սև կատու անցավ Ձեր և Ձեր հյուրերի միջով: «Թշնամիներ» ձեռք եք բերո՞ւմ հաղորդումից հետո:

-Մեր պարագայում, որքան էլ որ միգուցե զարմանալի թվա, մինչ օրս թշնամիներ ձեռք չենք բերել: Ավելին,  հյուրերից շատերի հետ ընկերական հարաբերություններ ունենք: Մեզ հյուրընկալված մարդիկ, համենայնդեպս շատերը, գիտակցում են, որ հաղորդման ձևաչափը փոքր-ինչ այլ է, ինչի հետևանքով էլ կարող են հնչեցվել հարցեր, որոնց իրենք, բնավ, չեն ցանկանում պատասխանել: Միաժամանակ, նշենք, որ  թեժ զրույցն ավարտվում է հենց այն պահին, երբ ավարտվում է հաղորդման եթերաժամանակը: Տեսախցիկներից այն կողմ մենք միմյանց շնորհակալություն ենք հայտնում և բաժանվում` կրկին հանդիպելու ակնկալիքով:

-Այնուամենայնիվ, չե՞ք մտածում, որ երբեմն անցնում եք անձնական տիրույթի  սահմանը:

-«Փոփ Արտ»-ին հետևող հեռուստադիտողը նկատած կլինի, որ յուրաքանչյուր հյուրի` առանց որևէ բացառության, տալիս ենք նաև անձնական բնույթի հարցեր, որոնք հաճախ քննարկվել են հանրության կողմից, սակայն մնացել են միայն որպես ասեկոսե: Անձնական բնույթի հարցեր էլ հնչեցնում ենք ոչ թե սեփական, այլ` լսարանի հետաքրքրասիրության բավարարման համար՝ միաժամանակ չմոռանալով, որ առաջին հերթին դա հարցազրույց է և մեր դիմաց  հանրային մարդիկ են և այդ ամենը սուրճի սեղանի ներքո տեղի չի ունենում: Հաղորդման պատմության ընթացքում գրանցած, թերևս, ամենասկանդալային պատմությունը վերաբերում էր հայտնի երգչուհիներից մեկին, ում խնդրել էինք  մեկնաբանություն տալ բամբասանքներից մեկի վերաբերյալ, որի համաձայն` ամուսինն իրեն դավաճանել էր իր մտերիմ ընկերուհիներից մեկի հետ: Ի զարմանս մեզ`  հյուրը պատասխանեց հարցին, հաղորդման ավարտին էլ շնորհակալություն  հայտնեց և հեռացավ: Պատկերը փոխվեց հաղորդման անոնսի հայտնվելուց հետո, երբ նա մյուս լրատվամիջոցներին հաղորդեց, որ մենք խեղաթյուրել ենք իր խոսքը, այն դեպքում, որ դա ընդամենը հաղորդման հետաքրքիր  և դիպուկ  հատվածներից մոնտաժված անոնսն էր: Ամփոփելով  թեման` ամենայն պատասխանատվությամբ կարող ենք հաստատել, որ, այո, մենք համառ ենք,  իսկապես փորձում ենք ստանալ հետաքրքիր և չկրկնվող պատասխաններ, բայց սահմաններ երբեք չենք անցնում:

 

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ հյուրերը պարզապես հրաժարվում են հյուրընկալվել ձեր տաղավարում:

-Չենք թաքցնի և ինչ-որ առումով նաև հպարտությամբ կնշենք, որ այո, նման դեպքեր ևս լինում են: Իսկ ինչո՞ւ  հպարտությամբ, որովհետև հրավերը մերժող հայտնիներից շատերը (իհարկե, ոչ բոլորը) խոստովանում են, որ վախենում և խուսափում են մեր կողմից հնչեցրած հարցերից: Ոմանք էլ հավելում են, որ նախընտրում են մեր հավատարիմ հեռուստադիտողի կարգավիճակը: Սա մենք օրինաչափ ենք համարում, քանի որ շատ արտիստներ ցանկանում են իրենց հասցեին միայն գովաբանություններ լսել` չգիտակցելով, որ պետք է նաև  քննարկվեն և քննադատվեն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին