▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հաղթողները. Գրան պրին մնաց Հայաստանում

Ամփոփվեց հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում մեկնարկած «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Փակման հանդիսավոր  արարողությանը  ներկա էր ՀՀ  մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանը, ԵԹԿԻ  ռեկտոր  Դավիթ  Մուրադյանը:  Նախ հայտարարվեցին դիպլոմների արժանացած  ֆիլմերի անունները,  որոնց  հեղինակներին  հանձնվեցին դրամական պարգևներ, այնուհետ հայտնի դարձան նաև  սահմանված անվանակարգերում  հաղթողներն ու  Գլխավոր մրցանակի հասցեատերը: Հիշեցնենք,  որ ներկայացված  118 ֆիլմից ընտրվել էր 60-ը:

Դիպլոմների արժանացած  ֆիլմերն են`

«Սևի երանգը» / վավերագրական/ ռեժ.` Անժելա Բադալյան/ Հայաստան

«Նա ով  մեր  կողքին է» / վավերագրական / ռեժ.` Ժաննա  Նազարյան/ Հայաստան

«Փակիր աչքերդ» / խաղարկային/ ռեժ.` Նելլա Վասիլևսկայա/ Բելառուս

«Դոն  Ժուան. Առասպելի պատմություն»/ վավերագրական/ ռեժ.` Վլադ  Տրիֆոնով/ Ուկրաինա

«Չորս կին» /խաղարկային /ռեժ.`  Անտոն Կոլոմեեց/ Ռուսաստան

 «Փոխարենը տրված» /վավերագրական/ ռեժ.` Սոֆիա Գևեյլեր/ Ռուսաստան

«Ռոք» /խաղարկային/ ռեժ.` Իվան Շահնազարով/ Ռուսաստան

«Դեպի  փոփոխություններ» /վավերագրական/ ռեժ.` Սամվել Մքոյան, «Մանանա » կենտրոն/ Հայաստան

«Աղբյուր»/ վավերագրական/ ռեժ.`  Շարիֆա  Ուրազբաևա/ Ղազախստան

«Ռոբոտ  Ջեֆը» / ռեժ.` Ադամ Հոլմս/ ԱՄՆ

«Մայրը» /վավերագրական/ ռեժ.` Հասմիկ  Ղազարյան/ Հայաստան

Հայկական ազգային կինոակադեմիայի  «Հույս»  մրցանակը  հանձնվեց Հայաստանից  Անետա Օհանջանյանին`  եզդիների մասին պատմող «Մի  ազգի  պատմություն» վավերագրական  ֆիլմի համար:

Ինչ վերաբերում է անվանակարգային մրցանակներին, ապա լավագույն  վավերագրական  ֆիլմ  ճանաչվեց Գառնիկ Կարապետյանի «Հայաստան  երկիրս» ֆիլմը, խաղարկայիններից լավագույնը Բելառուսից Դիմա Դեդոկի «Միայնություն» ֆիլմն էր, իսկ  լավագույն դեբյուտայինը  գերմանացի ռեժիսոր Մարգարետա Կոսմոլի «Քույրերը»:

Գլխավոր  մրցանակին (Գրան պրի) արժանացավ  Հայաստանից  Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի  համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու  երազանքով  տարված երիտասարդների մասին, որոնք  լքում են  իրենց փոքրիկ հայրենիքը,  հայրական  տունն  ու ծեր ծնողներին, վերջիններիս համար  իսկական  աղետ  է ոչ  այնքան ֆինանսների  բացակայությունը,  որքան  հարազատների, հատկապես` թոռների կարոտը:

Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը հպարտությամբ նշեց, որ հայ  երիտասարդ ռեժիսորների  մատը երկրի զարկերակի  վրա  է` բանտ, լքված ծերեր, երեխաներ և, որ նրանք մոտ են կանգնած ազգային  արմատներին:

Ժյուրիի  նախագահ Ռուբեն Քոչարն էլ իր հերթին ընդգծեց հայ երիտասարդների յուրահատուկ,  տարբերվող կինոմտածողությունը, որը  հորդորեց ամրապնդել  և  զարգացնել: 

Ինչ վերաբերում է  փառատոնի  ընդհանուր մակարդակին` տեխնիկական, կազմակերպական,  բովանդակային,  Ռուբեն  Գևորգյանցը  հայտարարեց. «Ես ուզում էի նոր շունչ լինիեր,  ուստի որոշեցի, որ բոլոր  հարցերով զբաղվելու են միայն  երիտասարդները: Ես նրանց հինգ  եմ  նշանակում` փոքր մինուսով, հինգն  արդեն բարձր գնահատական  է»: 

 

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի  աշխատակազմ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին